Բարձր ուսման վարձեր, սխալ կրթություն դպրոցներում. ինչո՞ւ են թափուր մնացել բուհերում անվճար և վճարովի տեղերը

Այս տարի բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է ընդհամենը 1433-ը, թափուր է մնացել 550 անվճար տեղ: Վճարովի 21 761 վճարովի տեղերից համալրվել է 6518-ը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսագիտականում անվճարի թափուր տեղեր չկան, սակայն վճարովի մոտ 100 տեղ է թափուր մնացել։ 《Սակայն երեք մասնագիտությունում` կառավարում, ֆինանսներ, շուկայագիտություն, մրցույթ ունենք և կան երեխաներ, որոնք մրցույթից են դուրս մնացել, և վստահ ենք, որ այդ 100 տեղերը երկրորդ փուլում կհամալրվեն։ Չեմ կարող ասել, որ քիչ դիմորդներ կան, մոտ 13 հազար դիմորդ կար այս տարի, ես սա փոքր թիվ չեմ համարում, հաշվի առնենք, որ 50֊ից ավելի բուհեր կան ՀՀ֊ում։ Մի քանի տարի դինամիկան նվազման էր գնում, բայց վերջին երկու տարիներին կրկին դիմորդների աճ կա։ Բնական է, որ դեմոգրաֆիական, միգրացիոն խնդիրներ կարող են լինել, բայց ամեն դեպքում բարելավվում կա》,֊ ընդգծեց նա։
ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինստիտուտում արդեն 3֊4 տարի է, որ թատերագիտության և կինոգիտության բաժին ոչ մեկը չի դիմում, ըստ նրա, սա պայմանվորված է՝ մասնագիտության պահանջարկով։ 《Հիմնականում դիմում են ավելի եկամտաբեր մասնագիտությունների համար։ Բնական է, որ դպրոցից եկած անգրագիտություն ևս կա, համատարած, մեծ խնդիր է, պետք է պետությունը քայլեր անի, եթե դա նրան մտահոգում է, - շեշտեց ռեկտորը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կապ ունի նաև ուսման վարձերի թանկացումն ու դպրոցներում ոչ ճիշտ կրթական մեթոդները։《Այս տարի եղան նույնիսկ տեղեր, որտեղ բոլոր դիմորդներն անբավարար են ստացել։ Ագրարային համալսարան ընդամենը 38 ուսանող է ընդունվել։ Այս տեղերը լրացուցից մրցույթներով կհամալրվեն, բայց վիճակն աղետալի է》։
Խաչատրյանի խոսքով՝ սոցիալական խնդիրները, թանկացումները ևս նպաստում են այս պատկերին, քանի որ շատերը չեն կարող մարզից գալ, տան վարձի և ուսման վարձի վճար ապահովել երեխաների համար։ Նրա խոսքով՝ շատ մասնագիտություններ չեն հետաքրքրում երեխաներին և գրեթե բոլորը կենտրոնանում են շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վրա, որի արդյունքում տուժում են մյուսները։ Ըստ փորձագետի՝ պետությունը շատ գործ ունի անելու, թե դպրոցներում կրթական որակը բարձրացնելու, թե սոցիալապես որոշ խավերին աջակցելու հարցում։
Լիաննա Թորոսյան