Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Ինչու է դատախազը հապաղում մտնել ԱԺ՝ պատգամավորների հետեւից: «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է՝ դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու եւ պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, եւ, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:
«Հրապարակ» թերթը գրում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքային պայմանները բարելավելու, ճոխացնելու «ազգանպաստ» գործունեությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Պարզվում է՝ «պալատական խարդավանքներ» հյուսողի հաստիք կա ՀՀ Կառավարությունում: Պետական միջոցներից աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ծառայում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ զբաղված է ներիշխանական ինտրիգներ ու խարդավանքներ հյուսելով: Եվ որպեսզի արդարացնի իր գործունեությունը, նկատվի Նիկոլ Փաշինյանի կողմից, երբեմն ընդդիմադիր գործիչների վրա, ինտերնետային հարձակումներ է կազմակերպում: Այն, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյքային գրոհներ է կազմակերպում Նիկոլ Փաշինյանին քննադատողների նկատմամբ, մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է:
«Հրապարակ» թերթը գրում է․
Արամ Վարդեւանյանը «Հայաստան» դաշինքի խմբակցությունում միակ պատգամավորն է, որ մտադիր է վայր դնել պատգամավորական մանդատը։ Չնայած դաշինքում նրան փորձում են համոզել, որ հետ կանգնի որոշումից, սակայն դաշինքի մեր աղբյուրները հայտնում են, որ պատգամավորը վճռական է տրամադրված՝ նա ասում է, որ շնչահեղձ է լինում ՔՊ-ական խորհրդարանում։ Անցած շաբաթ ընդդիմությունը՝ մեծ մասով, վերադարձավ խորհրդարան, իսկ Վարդեւանյանը չներկայացավ ո՛չ ԱԺ նիստերին, ո՛չ քվեարկություններին, ո՛չ հայտարարությունների ժամին։
«Հրապարակ» թերթը գրում է․
Վաղը՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության կազմակերպության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, որոնց թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մեզ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ խորհրդի նիստը կկայանա Արտակ Թովմասյանի «Դվին» հյուրանոցում, նախագահների ընթրիքը եւս տեղի կունենա այդ հյուրանոցային համալիրում։ Մեզ ասացին, որ տեւական ժամանակ է՝ հյուրանոցի աշխատակազմն առանձնահատուկ պատրաստվում է նախագահների ընդունելությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՀ Սահմանադրական դատարանում իրավիճակ է փոխվելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ից հետո բարձր դատարանին հրաժեշտ են տալիս ՍԴ անդամներ Արեւիկ Պետրոսյանն եւ Աշոտ Խաչատրյանը, որոնք ՍԴ անդամ են ընտրվել նախկին իշխանության օրոք եւ հիմա նրանց պաշտոնավարման 12 տարին լրանալու հիմքով՝ դեկտեմբերի 10-ին հեռանալու են:
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը փուլային տարբերակով կներդնի 2023 թվականից: Հայտարարագիր չներկայացնողները տուգանք կվճարեն: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով, մի երկրում, որտեղ 30-40 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, համընդհանուր հայտարարագրի ինստիտուտի ներդրումը «չար կատակի» է նման: «Սա արվում է կա՛մ ընդհանրապես երևույթից ոչինչ չհասկանալու պատճառով, ինչն այս կառավարության դեպքում շատ հնարավոր է, կա՛մ էլ հատուկ հրահանգ է, որ իրականացնեն, ու մեր քաղաքացիները դրա հետևանքով վերջնականապես զզվեն ամեն ինչից ու լքեն երկիրը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում Ֆեյսբուքի հայկական տիրույթում առանձին օգտատերերի էջերի դիտողականության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել։ Խնդիրը վերաբերում է սոցիալական այս հարթակում ակտիվ օգտատերերի անձնական օգտահաշիվների հետ կապված արհեստական խոչընդոտներ ստեղծելուն։
Այս պրոբլեմն առավել ցայտուն է արտահայտված ընդդիմադիր հայացքներ ունեցող «սեկտորի» ներկայացուցիչների պարագայում. որոշակի գործիքակազմով հաջողվում է էջերի դիտողականության նվազեցման հասնել գոնե որոշակի ժամկետով։ Թերթի տեղեկություններով, իշխանությունների տեղեկատվական բլոկի պատասխանատուներն այս հարցում հնարավոր ու անհնար քայլերի են դիմում։
Փաստ» օրաթերթը գրում է.
Նոյեմբերի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Անահիտ Մանասյանը նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ: Օրեր անց՝ նոյեմբերի 18- ին, Վարդապետյանի մեկ այլ հրամանով Լիլիթ Գրիգորյանը նշանակվեց Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: Դատախազության համակարգում այս առիթով, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կես լուրջ - կես կատակ ասում են, թե Վարդապետյանը իրենց համակարգում գենդերային բալանսը խախտում է «հակառակ ուղղությամբ»՝ դատախազությունում ձևավորելով կանանց իշխանություն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«2022 թվականի հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ, արդյունք չի բերում երկրին։ «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ, չօգտագործվելու պատճառով, մաշվում են»,- նիստի ժամանակ հավելել էր Փաշինյանը։ Սակայն ինչպես հաճախ է պատահում, այս անգամ եւս պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ է եղել «Պետգույքի մասնավորեցման 2017-2020» ծրագրի քննարկմանը, ըստ որի՝ նախատեսվում էր այլ օբյեկտներից բացի նաեւ բազմաթիվ առողջապահական կենտրոններ վաճառել: