Ռուսական համարանիշներով գողացված քարշակը հայտնաբերվել է Գյումրիում, տերը փնտրել է ավտոշուկայում․ Shamshyan

Ռուսական համարանիշներով գողացված քարշակը հայտնաբերվել է Գյումրիում, տերը փնտրել է ավտոշուկայում․ Shamshyan

Ապրիլի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 37-ամյա Բաբկեն Մ․-ն և հայտնել, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք Արարատյան փողոցի 76 հասցեի մոտից գողացել են իրեն պատկանող ռուսական համարանիշներով «Գազել» մակնիշի ավտոքարշակը։ 

Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տեսել ով, կամ ովքեր են գողացել, դեպքի փաստով էլ Շենգավիթի քննչական բաժնում «գողություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը հարազատների ու ընկերների հետ 2 օր փորձել է իր կապերով գտնել ավտոմեքենան, մի քանի անգամ այցելել է Էրեբունի վարչական շրջանում հայտնի ավտոշուկա, իսկ Շենգավիթի ոստիկաններն էլ 2 օր իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տեղեկություն են ստանում, որ ավտոմեքենան գողացել է Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Ս․-ն։ 

Օպերատիվ տեղեկություններով նաև պարզվում է, որ հնարավոր է նա ավտոմեքենան տեղափոխել է Գյումրի, որտեղից էլ Բավրայի անցակետով փորձելու է գողոնով հատել  ՀՀ սահմանը։

Տեղում Շենգավիթի համայնքային ոստիկանները մեկնում են Գյումրի և պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Գյումրի քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան և տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վլադիմիր Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոմեքենայի հայտնաբերման փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
©