Տեղական հավի մսում հայտնաբերվել են Սալմոնելա և մանրէներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ թռչնամսի նմուշներից երեքում արձանագրվել են անհամապատասխանություններ։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթը, տեղական թռչնամսի շուկայի ուսումնասիրություն սկսելուց առաջ, դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ զուգահեռ նմուշառում կատարելու առաջարկով:
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում ընթացող ստուգման շրջանակներում, նմուշներ են վերցրել «Արաքս» , «Աշտարակ» , «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15․05․2023թ. արտադրության պաղեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:
Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։
«Հետք» թերթի ներկայացուցիչները ևս 2 ապրանքանիշի պաղեցրած հավի գնում են կատարել իրացման այլ ցանցից (այդ երկու ապրանքանիշի թռչնամսի նմուշներում եթե հայտնաբերվեն անհանապատասխանություններ, Տեսչական մարմինը դա կընդունի որպես ահազանգ և կիրականացնի պետական վերահսկողություն):
Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշերով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր:
«Արաքս Թռչնաֆաբրիկա» և Վլադ Հակոբյանի անվան «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգում:
«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել: