Հացադուլ ու ջրադուլ՝ «Զվարթնոց»-ում. Ոսկեպար այցելելու համա՞ր են ֆրանսիահայ լրագրողի մուտքն արգելել

Հացադուլ ու ջրադուլ՝ «Զվարթնոց»-ում. Ոսկեպար այցելելու համա՞ր են ֆրանսիահայ լրագրողի մուտքն արգելել

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը շարունակում է մնալ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում։ Հինգ օր առաջ Ֆրանսիայից Հայաստան ժամանած լրագրողի մուտքը մեր երկիր արգելվել է անհայտ պատճառներով, այսինքն՝ իրեն որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու չի կարող ինքը մուտք գործել մեր երկիր։

«Ես, հինգ օր է, այստեղ եմ, այս չեզոք զոնայում։ Ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան, թեև վերջին երկու տարում տասնյակ անգամներ եկել ու գնացել եմ, խնդիր չի եղել։ Վերջին անգամ մեկ ամիս առաջ եմ եղել, էլի խնդիր չի եղել։ Հիմա չեմ հասկանում, թե ինչու ինձ չեն թողնում մուտք գործել Հայաստան»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց ֆրանսիահայ լրագրողը։ 

Նրա խոսքով՝ այստեղ իր հետ վարվում են շատ ավելի վատ, քան բանտում մարդասպանների հետ կարող են վարվել։

«Ի՞նչ դեմոկրատիա։ Չկա այդպիսի բան։ Հինգ օր է, խնդրում եմ՝ հնարավորություն տան, որ լողանամ։ Լոգանքի տեղը շատ մոտ է այս չեզոք զոնային, բայց չեն թողնում։ Բանտերում էլ այսպես չեն վարվի մարդու հետ»,- նեղսրտելով պատմեց Նիկոլյանը։

Նա տեղեկացրեց, որ ինքը Հայաստան է եկել դատական գործով, այսինքն՝ իրեն ծանուցել են, որ պետք է գա ու տուժողի կարգավիճակով ներկայանա դատական նիստին։

«Երկու տարի առաջ մի միջադեպի գործով ես տուժող եմ ճանաչվել ու դրա համար ծանուցվել եմ, որ պիտի ներկայանամ»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը հայկական անձնագիր չունի, միայն ֆրանսիական է, բայց երբևէ մուտքի խնդիր չի ունեցել։

«Ես Հայաստանում ապրել եմ, աշխատել։ Վազգենի մահից հետո եմ լքել Հայաստանը»,- նշեց Նիկոլյանը։

Ֆրանսիահայ լրագրողի համոզմամբ՝ իրեն չեն թողնում մուտք գործել Հայաստան, քանի որ իր վերջին այցի ժամանակ՝ մեկ ամիս առաջ, ինքը երեք շաբաթ անցկացրել է Ոսկեպարում, այնտեղից ներկայացրել, թե իրականում ինչ է կատարվում։

«Վստահ եմ, որ դա է պատճառը։ Ինձ ՄԻՊ-ից երկու հոգի այցելել են, պաշտպանն աշխատողներին ուղարկել էր, բայց իրենք էլ որևէ հստակ բան չեն ասել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Նիկոլյանը պատմեց, որ արդեն հինգ օր է, ինքը հացադուլի մեջ է, երկու օր է, ինչ հրաժարվել է նաև ջրից։

Թե որքան կմնա օդանավակայանի չեզոք գոտում, ինքն էլ չգիտի։

Նարե Գնունի