Սիրունյանի հրաժարվելը, միևնույն է, հարցերը ՔՊ-ի վրայից չի հանում

Սիրունյանի հրաժարվելը, միևնույն է, հարցերը ՔՊ-ի վրայից չի հանում

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից: Ինչպես MediaHub-ին հայտնել էին ՔՊ խմբակցության մեր աղբյուրները՝ սույն անձի բարեվարքության հետ կապված որոշ բաներ են պարզել և խնդրել հանել թեկնածությունը:

Հիշեցնենք, այսօր պետք է տեղի ունենար նրա ընտրությունը, բայց գործը քվեարկության չհասավ:
MediaHub-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որը հարցի քննարկման ժամանակ ներկայացրել էր Ալեքսանդր Սիրունյանի «փառավոր» անցյալից հետաքրքիր դրվագներ, թե վերջինս ինչպես է ատելության խոսք տարածում արցախցիների նկատմամբ և այլ ուշագրավ մանրամասներ, որոնք հարցականի տակ են դնում նրա որևէ պաշտոն զբաղեցնելու հեռանկարը, ասաց, որ ՔՊ-ական Սիրունյանի այդ «մեծահոգի» քայլը միեւնույն է հարցեր է թողնում.

«Այս քայլը չի պարզաբանում այն, թե ինչպես էր ՔՊ-ն դատավորների բարեվարքությունը ստուգող, դատավորների անկախությունն ապահովող սահմնադրական անկախ մարմնի անդամի թափուր տեղի համար Աժ ներկայացրել սոցիալական ցանցերում բացառապես հայհոյանքներով ու վիրավորանքով հաղորդակցվող կուսակցի թեկնածությունը, ով պարզվում է նաեւ կոռուպցիոն սկանդալների մեջ է ներքաշված. առնվազն նման կասկածներ կան»,- ասաց Խամոյանը:

Ընդդիմության քննադատության մասով էլ հավելեց, որ իրենք հանրությանը ցույց են տվել, թե ով է իշխող ուժի թեկնածուն, ինչպիսի արժեհամակարգ ունեցողին են տեսնում արդարադատություն իրականացնողի դերում։