Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, Խաբե՞լ են, թե՞ ճնշել. Մամուլը՝ սուրճով

Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, Խաբե՞լ են, թե՞ ճնշել. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, որ համառորեն չի հրապարակում շարժման քաղաքական պլանը՝ լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե ոչ, ով է վարչապետի իրենց թեկնածուն, պարզվում է` իր հետ քայլող քաղաքական-հասարակական դեմքերի հետ էլ նման քննարկումներ չի ծավալում։ Մեր աղբյուրներն ասում են, որ նա որեւէ ազդեցության չի ենթարկվում եւ որեւէ քաղաքական ուժի, առավել եւս անհատի հետ չի քննարկում իր անելիքները, ուր մնաց համաձայնեցներ:

Թեպետ որոշ ուժեր եւ հատկապես ՀՅԴ-ն փորձում են ավելի ակտիվ դերակատարում ստանձնել, բայց Բագրատ սրբազանը որքան մեղմ ու հանդուրժող է երեւում, նույնքան էլ անկառավարելի եւ ամուր մարդ է։ Ոմանք ենթադրում են, որ նա միայն Մայր Աթոռին ու Վեհափառին է հաշվետու եւ վերջինիս հետ է քննարկում շարժման մարտավարությունը, սակայն նրան ճանաչողները դրան էլ են կասկածում: Բավականին ծանր վիճակում է հայտնվել տիտղոսակիր ընդդիմությունը` քոչարյանական եւ սերժական թիմերը: Նրանք, մի կողմից, չեն կարող ձեռնպահ մնալ շարժմանը մասնակցելուց, մյուս կողմից` դեմ չեն լինի, եթե իրենց դոմինանտությունը հաստատվի, բայց նախկինների ուրվականը կարող է վնասել շարժմանը, ուստի առայժմ միայն զգուշավոր են, թեեւ խանդով են վերաբերվում կոնկուրենտ թիմի մասնակցությանը:

Ի դեպ, լավատեղյակները պատմում են, որ դեռեւս 44-օրյայից հետո, երբ խոսք էր գնում անկլավները հանձնելու մասին, եւ պարզ էր, որ դա նախ վերաբերելու է Տավուշին, սրբազանը գրեթե երդում է տվել, որ ձեռքերը ծալած չի նստելու, կյանքի գնով էլ լինի` փորձելու է կանխել պետականակործան այդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ քայլերթ է սկսվել Կիրանցից: Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երեւան։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտական փուլի մեջ է գտնվում, եւ դատելով իրավիճակից՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա գտնվում է տնային կալանքի տակ փետրվարի 16-ից:

Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով, քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։

Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը եւ այլ անձինք»։