Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը սնանկացել է, Ընդդիմադիր դաշտը պատրաստվածության է բերվել. Մամուլը՝ սուրճով

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը սնանկացել է, Ընդդիմադիր դաշտը  պատրաստվածության է բերվել. Մամուլը՝ սուրճով

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ըստ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դրանից օրեր առաջ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Մեկուսկես ժամ էլ զրուցել է իրանցի դիվանագետի հետ ու իր հիացմունքն արտահայտել դեսպանի՝ վերջերս կայացած, ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել, չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:

Ինչով է պայմանավորված ՏերՊետրոսյանի ակտիվությունը դիվանագիտական դաշտում, դեռեւս ստուգվող տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն է անձամբ խնդրել: ՀՀ առաջին նախագահի միջնորդությամբ՝ վերջինս փորձում է այս առանցքի շուրջ հաշտության եզրեր գտնել: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանի կողմից հիմնականում երկու պայման է դրված՝ Փաշինյան Նիկոլի դեմքն ու տապալված վարկանիշը փրկելու համար:

Առաջինն այն է, որ նա պետք է փակի ՀԱՊԿ-ից դուրս գալու չարչրկված թեման: Օրինակ, հայտարարելով, որ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: Եվ երկրորդ՝ երկաթուղու վերահսկողության հարցում սկսել փոխընդունելի տարբերակների քննարկում ռուսական կողմի հետ»:

 

«Հրապարակը» գրում է․ Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տեւական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում եւ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլեւ, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին:

Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում։ Եվ չնայած ընդդիմության դաշտում աշխուժություն է տիրում, եւ այս փոփոխությունները, ըստ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանի օգտին չեն, սակայն, ինչպես արտահայտվեց ՔՊ ներկայացուցիչներից մեկը, Նիկոլ Փաշինյանի համար վայրկյանների հարց է վտանգ զգալն ու կրոնափոխ լինելը:

Նա շատ արագ կարող է դավաճանել Արեւմուտքին եւ վերադառնալ Ռուսաստանի գիրկը։ Այնպես որ, ընդդիմությունը շատ ճանապարհ ունի անցնելու` մինչեւ ճկուն քաղաքական առաջարկ ներկայացնելը: Իսկ Ռուսաստանին միշտ ձեռնտու կլինի պարտված ու մի քանի տեր փոխած, Ալիեւից վախեցող կառավարչի հետ աշխատելը:
 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:

Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։ Այսինքն՝ կապ ունի նաեւ այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:

Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:

Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։

«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:

Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»: