Սասուն Խաչատրյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի 10-րդ նստաշրջանին

Սասուն Խաչատրյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի 10-րդ նստաշրջանին

Դեկտեմբերի 11-ից 15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանը (COSP 10), որտեղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդես է եկել ազգային ելույթով՝ որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Հայտնել է ՀԿ-ի մամուլի խառայությունը։

Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համակողմանի, համընդհանուր մոտեցում և իր մեջ ներառում է իրավական ու հասարակական բոլոր ոլորտները, Սասուն Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մուտք է գործել նոր՝ ավելի թիրախային փուլ կոռուպցիայի դեմ պայքարում, որն արտացոլված է ինչպես ՀՀ կառավարության ծրագրերում, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից 2019 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությունում: Դրանով նախատեսված միջոցառումների շրջանակում՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված համակարգի բաղկացուցիչ մաս, 2021 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ-ում ստեղծվել և գործում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Կոմիտեի նախագահն անդրադարձել է այսօր կոռուպցիայի դեմ պայքարում առկա մի շարք մարտահրավերներին, ինչպիսիք են անդրազգային կոռուպցիան, այդ թվում՝ օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, ներպետական սահմաններից դուրս ապօրինի գույքի և ակտիվների շարժը: Ըստ Սասուն Խաչատրյանի՝ Հայաստանն ընդգծում է միջազգային համագործակցության կարևորությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար և կոչ անում միասնական, համընդհանուր գործողությունների:

Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է  ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում: