Մեծ Բրիտանիան մտադիր չէ ԵՄ-ի հետ հակազդել ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերին

Մեծ Բրիտանիան մտադիր չէ ԵՄ-ի հետ «կամավորների տնտեսական կոալիցիա» ստեղծել՝ ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերը հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունների և այլ երկրների, մասնավորապես Եվրոպայի հետ հարաբերությունների միջև ընտրությունը կեղծ ընտրություն է», - ասել է վարչապետը՝ պատասխանելով Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դեյվիի՝ «կամավորների տնտեսական կոալիցիա» ստեղծելու առաջարկին:
«Մենք հավասարակշռված առեւտրային հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ։ Մեր շահերին լավագույնս կծառայի [ԱՄՆ-ի հետ] հանդարտ, գործարք կնքելու մոտեցումը»,- ասել է Սթարմերը։
Ըստ «The Guardian»-ի՝ Լոնդոնը պատրաստ է արտոնյալ հարկային վերաբերմունք տրամադրել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին՝ բրիտանական ապրանքների որոշ կատեգորիաների վրա ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի նվազման դիմաց։