ԱԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոնին

ԱԱ. Արսեն Հարությունյանը համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոնին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) համառ պայքարում երկու միավորով պարտվեց քառորդ եզրափակիչում։

Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոնը մրցեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Ասիայի չեմպիոն ճապոնացի Ռեյ Հիգուտիի հետ եւ պարտվեց 14:16 հաշվով։

Հայաստանի հավաքանի առաջատարը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ  14:3 հաշվով էլ հաղթել էր Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Կերիմովին։

1/16 եզրափակիչում ժամանակից շուտ 14:2 հաշվով տպավորիչ հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Սիմոնե Պիրոդուին։

1/8 եզրափակիչում 11:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին։

Եթե ճապոնացի ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորություն կստանա։