Եթե իմանանք՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ ունենալուց հետո ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ-ից, հենց վաղը կնշանակենք․ Պապոյան

Եթե իմանանք՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ ունենալուց հետո ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ-ից, հենց վաղը կնշանակենք․ Պապոյան

ՏԱՍՍ-ն ինձ համար ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը հայտնողը չէ, ես կարող եմ մեկնաբանել միայն կոնկրետ մարդկանց հայտարարությունները, թույլ տվեք չմեկնաբանել առանց աղբյուր արված հրապարակումները։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, նշել է, թե Մոսկվայում դժգոհ են Փաշինյանի երեկվա ելույթից՝ այն որակելով սադրիչ ու անպատասխանատու: 

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ «Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով»։ 

Դիտարկմանը՝ այնպես չէ, որ ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները շատ են տարբերվում ՏԱՍՍ-ում ներկայացվող կարծիքներից և ՌԴ-ից մեղադրանքներ ամեն դեպքում մեզ հասնում են, վերջինս պատասխանեց․ 

«Մենք վեկտոր չենք փոխում, մենք փորձում ենք ՀՀ-ի անվտանգությունը պահպանել, որովհետև մենք կուզեինք, որ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը կատարեին իրենց պարտավորությունները, որոնք ամրագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Եթե ուսումնասիրենք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի գործողությունները, ապա պետք է մի քանի դեպքերի ուշադրություն դարձնել. երբ ԼՂ-ում էին գործողություններ տեղի ունենում, ստացել ենք պատասխան՝ քանի որ իրադարձությունները Հայաստանում չեն, մենք չենք կարող միջամտել, եկեք ընդունենք, որ սա տրամաբանական է, բայց երբ խոսքն արդեն Վարդենիսին, Ջերմուկին, Ներքին Հանդին  էր վերաբերում և մենք դիմեցինք ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին, որպեսզի Հայաստանի առաջ կատարեն իրենց պարտավորությունները, ցավոք, իրենք իրենց պարտավորությունները չկատարեցին ու արեցին այնպիսի հայտարարություններ, որոնք ավելի արձակեցին Ադրբեջանի ձեռքերը։ Բնականաբար, մեզ համար կարևոր է գործընկերությունը, բարեկամությունը, բայց առավել կարևոր է ՀՀ-ի անվտանգությունն ու ինքնիշխանությունը»,- շեշտեց պատգամավորը։

Պապոյանի խոսքով՝ սա է պատճառը, որ նրանք տարբեր գործընկերների հետ են  խոսում, բանակցում, որպեսզի ՀՀ-ի անվտանգությունն ավելի ապահովեն։ Պատգամավորը ցավով արձանագրեց՝ այն համակարգը, որը կա, մեր անվտանգությունը չի երաշխավորում։

Հարցին՝ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունենալը սրանով է պայմանավորվա՞ծ՝ Գևորգ Պապոյանն արձագանքեց․ 

«Եթե իմանանք, որ ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ ունենանք ու նրանք Հայաստանում անվտանգությունը կպահպանեն, հայտարարություն կտարածեն, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Վարդենիսի, Ջերմուկի ու Ներքին Հանդի տարածքներից, ապա հենց վաղը ներկայացուցիչ կնշանակենք։ Մենք ցավով ենք արձանագրում, որ մի կազմակերպություն, որի ստեղծման ակունքներում նաև մենք ենք, չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Այդ կազմակերպությունը ինչքան Ռուսաստանինն է, այդքան  էլ Հայաստանինն է, այդպես ենք մենք ստեղծել»։

Ճշտող հարցին՝ ՀԱՊԿ-ից այլևս սպասելիքներ չկա՞ն, վերջինս պատասխանեց, որ ըստ էության՝ այդ սպասելիքները միշտ կան, սակայն անընդհատ չեն իրականանում։ Անվտանգության ապահովման այլընտրանքի մասին խոսելիս Պապոյանը նշեց, որ մի քանի երկրների հետ են աշխատում այս պահին, որի մասին հանրությունը պարբերաբար տեղեկանում է։

«Մենք այսօր սերտորեն աշխատում ենք մի քանի երկրների հետ, ես չեմ ուզում հիմա շատ փակագծեր բացել, բայց այնպես չէ, որ տեղեկացված չեք։ Մենք խնդիր չունենք Ա վեկտորից գնանք Բ վեկտոր կամ Ա պետությունից գնանք Բ պետության հետ համագործակցության։ Մենք խնդիր ունենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանել։ Եթե դա ստացվի ՌԴ-ի հետ, ապա հրաշալի կլինի ու կշարունակենք այն խորացնել, եթե չի ստացվում, պետք է փորձել այլընտրանքներ գտնել»,- հավելեց Պապոյանը։ 

Լիաննա Թորոսյան