ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից, Ի՞նչ անակնկալ է պատրաստում սրբազանը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսեւորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս:
Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը եւ իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ եւ ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաեւ այն պատճառով, որ վայրագություն դրսեւորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ-ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից, մասնավորապես՝ գրեթե ամեն քայլափոխի հանդիպող փոսերից եւ տրանսպորտի խցանված վիճակից:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նախաձեռնող խմբի նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նիստին ներկա են եղել Երեւանի փոխքաղաքապետեր Արմեն Փամբուխչյանը, Սուրեն Գրիգորյանը եւ ավագանու ՔՊ խմբակցության անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը բավականին երկար է տեւել, քննարկվել են մայրաքաղաքում առկա խնդիրները: Իշխանականները փոխքաղաքապետերին հիմնականում դժգոհել են այն բանից, որ Երեւանում ամեն քայլափոխի փոսեր են, ինչը խոչընդոտում է երթեւեկին, դժգոհություններ են հնչել նաեւ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից:
ՔՊ-ական պատգամավորները նաեւ դժգոհել են, որ գրեթե ամեն օր բողոքներ են ստանում քաղաքացիներից դրա հետ կապված։ Փոխքաղաքապետերն էլ իրենց հերթին արդարացել են ւու վստահեցրել՝ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրները շուտ լուծեն»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հունիսի 9-ի մեծ հանրահավաքի նախօրյակին Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կայցելի Վանաձոր։ Սրբազանը հայտարարել է մարզային այցեր կատարելու մասին, այդուհանդերձ, քաղաքական դաշտն ուշիուշով սպասում է կիրակնօրյա հանրահավաքին։ Շարժման ակտիվը հայտարարել է, որ այդ օրը Բագրատ սրբազանը վճռորոշ ելույթով է հանդես գալու, որը փոխելու է իրավիճակը։
Շարժման տարածած հաղորդագրությունից հետո քաղաքական շրջանակներում ակտիվ գուշակություններ են անում․ ոմանք կարծում են, որ սրբազանը կոչ է անելու խորհրդարանական ընդդիմությանը՝ վայր դնել մանդատները, երկրում առաջացնել քաղաքական ճգնաժամ եւ հասնել արտահերթ ընտրությունների: Ոմանք կարծում են, որ ապագա կառավարության կազմն է հրապարակելու։ Կա նաեւ կարծիք, որ այդ օրը կհայտարարվի շուրջօրյա հավաքների մասին, եւ հրապարակի ժողովրդին փողոցում կպահեն մինչեւ չորեքշաբթի` խորհրդարանում կայանալիք հարցուպատասխանի օրը: Եվ վերջապես՝ հնարավոր է, որ հայտարարի, թե Գագիկ Ծառուկյանն էլ է աջակցում շարժմանը։ Մանավանդ՝ օրերս նա հյուրընկալվել էր Ծառուկյանին, եւ անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարություն տարածեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:
Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Հովակիմյանին։
Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր իրականացրել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին։»։