Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվում է «երկրորդ Ուկրաինայի»

Ամերիկայի Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին է: Այս մասին Երևանում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
ՔՊ-ականների օրոք Հայաստանը վերածվել է գերտերությունների բախման թատերաբեմի, ինչը Հայաստանի և Արցախի համար կարող է կործանարար լինել: Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվում է «երկրորդ Ուկրաինայի», երբ Արևմուտքը սկսում է «խաղալ» իր գործիքակազմերով, իսկ ՌԴ-ն դրան պատասխանում է իր տրամադրության տակ եղած լծակներով:
Ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ հրետակոծվեցին ՀՀ քաղաքներ և գյուղեր, զոհվեցին բազմաթիվ զինվորներ, ՔՊ-ն սկսեց ՀՀ հպարտ քաղաքացիներին կերակրել «Փելոսին փրկելու է մեզ» թեզով: ԱՄՆ-ն երբեք չի զինելու ՀԱՊԿ-ի անդամ, իր տարածքում ռուսական ռազմակաբազա ունեցող, Իրանի հետ սերտ կապերի մեջ գտնվող ՀՀ-ին՝ դա միֆ է: Սակայն Փաշինյանն ու թիմը փորձում են Երևանում տարբեր հակառուսական, ՀԱՊԿ-ի դեմ ուղղված ակցիաներով, որոնքիրականացվում են ՔՊ-ի սատելիտների ձեռքով, Մոսկվային իբր շանտաժ անել՝ Հայաստանը դեպի Արևմուտք տանելու ենթատեքստով: ՌԴ-ն դրան կոշտ է պատասխանելու՝ Բաքու են մեկնելու ՌԴ պետական բարձր պաշտոնյաներ:
ԱՄՆ-ի հետ սերտ կապերի զարգացումը՝ տնտեսական, մշակութային, ներդրումային, անգամ ռազմա-քաղաքական ոլորտներում անհրաժեշտ են ՀՀ-ին: Անկասկած այսօր թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի կարիքը ՀՀ-ն ունի, չմոռանանք նաև, որ ԱՄՆ-ում է բնակվում մեծաթիվ հայ համայնքը, սակայն դա չպետք է արվի ՌԴ-ին «բարկացնելու» համար: Հայաստանը չպետք է դառնա Մոսկվա-Վաշինգտոն բախման կիզակետ, քանի որ դա բերելու է անդառնալի հետևանքների՝ Սյունիքի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական նոր հարձակման տեսքով:
ՀՀ գործող իշխանությունները կրկին փորձելու են սլաքներն ուղղել ՌԴ-ի դեմ՝ սահմանները չամրապնդելու, բանակը չվերազինելու սեփական մեղքը այլոց վրա գցելու ՔՊ-ական հին ու բարի ավանդույթի համաձայն:
Վահրամ Բագրատյան