Վլադիմիր Վարդանյանն է տեղից վեր կացել ու մոտեցել, Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվել է․ փաստաբան
ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ ծեծկռտուքի բռնված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, հարվածելով ՔՊ-ականին, ինքնապաշտպանվել է․ այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ հայտնելով դեպքի մանրամասները։
ՔՊ-ականները, ըստ Մելիքյանի, խեղաթյուրել են փաստերը, ասելով, թե Մհեր Սահակյանը հարձակվել է, այնինչ Սահակյանն իր տեղում նստած է եղել։
«Ագրեսիվ վարքագիծ է եղել ՔՊ խմբակցության անդամների կողմից փակ նիստի ժամանակ, որի բովանդակության մասին բնականաբար չենք կարող խոսել։ Ըստ Մհեր Սահակյանի՝ Վլադիմիր Վարդանյանն է վեր կացել իր տեղից ու մոտեցել իրեն։ Մինչ այդ, եղել է քաղաքական բովանդակությամբ վեճ, այն, ինչ մենք մշտապես տեսնում ենք ԱԺ-ում։ Բազմաթիվ դեպքեր ենք տեսել, երբ ՔՊ-ի պատգամավորները հարձակվել են դահլիճում նստած ընդդիմադիր պատգամավորների վրա ու հարվածել, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այո, առաջինը հարվածել է Մհեր Սահակյանը, բայց՝ ինքնապաշտպանվելու համար»-ասաց պաշտպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ից Մհեր Սահակյանին ձերբակալել ու բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին։ Անմիջականորեն ծագած կասկածով նա ձերբակալվել է։
Դեպքի հետ կապված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նաև գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․
«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):
Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ.
Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ քպ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ.Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև քպ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ քպ-ական պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։
Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։