Պայքարի մասին Արայիկ Հարությունյանի բոլոր հայտարարությունները սուտ են․ Հակոբյան

Արցախը եւ Արցախի ժողովուրդը չեն կարող ունենալ նույն մոտեցումները, ինչ ունեն Հայաստանի իշխանությունները: Այն, ինչ ասել է նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, իր սեփական կարծիքն է․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը եւ շեշտում՝ Գուրգեն Ներսիսյանը լեգիտիմ չէ ժողովրդի անունից նման բան ասելու։
«Պետնախարար լինի, ընդհանրապես ով ուզում է լինի, այս իշխանությունները լեգիտիմ չեն խոսել Արցախի ժողովրդի անունից։ Այս իշխանություններից որեւէ մեկը չի կարող ներկայացնել ժողովրդին, որովհետեւ նրանց մեջ չկա որեւէ մեկը, ով ընդունված է ժողովրդի կողմից», - շեշտեց նա։
Գուրգեն Ներսիսյանը երեկ էր ասել, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների մոտեցումները Արցախի հարցի վերաբերյալ նույնական են։ Հակոբյանը շեշտում է՝ այն, ինչ ասել է Արցախի պետնախարարը, իր անհատական մոտեցումն է, ըստ էության ասում է, որ համաձայն է Հայաստանի իշխանությունների հետ։ Պատգամավորը, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները հատուկ «խողովակներով» զգուշացրել են, թե կա՛մ պիտի ինտեգրվենք, կա՛մ ավելի կոշտ եւ կտրուկ քայլերի կգնան՝ ասաց․
«Արցախում շատ վատ է ընդունվել իր այդ հայտարարությունը։ Իսկ եթե քաղաքական մեկնաբանություն տանք, ապա Արայիկ Հարությունյանը, ըստ էության, հակասեց հենց Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորություններին։ Սահմանադրության 94-րդ հոդվածում հստակ ասվում է՝ Արցախի Հանրապետության նախագահը լիազորված է լինել պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը։ Իր այդ հայտարությամբ հրաժարվում է ինքնիշխանությունից։ Ստացվում է այնպես, որ Արայիկ Հարությունյանի համար, Արցախի ինքնիշխանությունը կարմիր գիծ չէ», - նշեց նա։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Արցախի Հանրապետության նախագահը ոչ՛ պայքարում է, ոչ՛ էլ պատրաստվում է պայքարել, հակառակը՝ իր քաղաքական հեզությամբ ամեն կերպ օգնում է, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։
«Ասում է՝ եթե մեր հանրության մեջ կան այլ կերպ մտածող մարդիկ, կամ խմբեր, կարող են դուրս գալ, ցույց անել, իշխանություն ձեւավորել եւ գնալ ինտեգրացման։ Ինքը սրանով մոլորեցնում է միջազգային հանրությանը եւ մեր հայրենակիցներին՝ ցույց տալով, որ այստեղ կարող են լինել նման մարդիկ։ Ինքը ստեց ԱԽ նիստի ժամանակ։ Արցախում չկա գեթ մի հոգի, որը պատրաստ է ինտեգրվելու։ Սա մեկ բան ապացուցեց, որ իր բոլոր հայտարարությունները պայքարի մասին՝ սուտ են»,-հավելեց պատգամավորը։
Լիա Սարգսյան