«Գյուղում կրակոցների հետ Ռուստամ Բաքոյանն ի՞նչ կապ ունի»․ ի՞նչ տեղի ունեցել Օթևանում

«Գյուղում կրակոցների հետ Ռուստամ Բաքոյանն ի՞նչ կապ ունի»․ ի՞նչ տեղի ունեցել Օթևանում

Մամուլում շրջանառվում են լուրեր, թե Արագածոտնի մարզի Օթևան գյուղում դեկտեմբերի 26-ի գիշերը հնչած կրակոցներն արձակել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Կրակոցները եղել են գյուղապետարանի շենքի և բնակիչների տների ուղղությամբ։

Ի՞նչ կապ ունի պատգամավորը կրակոցների հետ. MediaHub.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Ռոմանը նշեց, որ իր համար տարօրինակ է, որ պատգամավորի անունն է շոշափվում։ Ու թեև հստակ դեռ պարզ չէ, թե ինչ է եղել, բայց վստահ պնդեց.

«Կրակոցները եղել են գյուղապետարանի ուղղությամբ, իմ տունն էլ հենց գյուղապետարանի կողքին է։ Գիշերն է եղել դեպքը, վստահ եմ, որ Բաքոյանը կապ չունի։ Չգիտենք, թե ով է, հիմա կասկածներ էլ չունենք։ Դեպքի մասին մանրամասներ էլ հայտնի չեն, վեճ չի եղել։ Ժողովուրդ են էլի, տարբեր բաներ կխոսեն»:

Կրակոցները Ռոմանի տան տարածքում են եղել, սակայն վերջինս բացառեց իր՝ թշնամի ունենալու հավանականությունը։ «Գյուղամեջ էլ են կրակել։ Դժվար գյուղում զենք ունեցող կա, բայց ոչինչ ասել չեմ կարող»,- ասաց նա։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը MediaHub.am-ին փոխանցեց, որ մինչև այս պահը դեպքի առնչությամբ ձերբակալված անձ չկա։ Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով։

 

Լիաննա Թորոսյան