Ո՞ր հատվածից է Հայաստանը պատրաստ սկսել սահմանազատումը․ Փաշինյանի պատասխանը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ կապված դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հետ։

Նախ հետաքրքրվեց, թե ըստ Հայաստանի դիրքորոշման՝ ի՞նչ հիմքով պետք է տեղի ունենա սահմանազատումը և սահմանագծումը, և երկրորդը՝ այս փուլում ո՞ր հատվածի դելիմիտացիայի մասին ենք խոսում։

«Երևի Ձեր հարցը կօգնի նաև, որպեսզի պարոն Դանիելյանի հարցին նորից անդրադառնամ։ Երբ որ հարց է տրվում քարտեզի մասին, էդ հարցը էդքան էլ քարտեզ չէ, որովհետև կարևոր է քարտեզի տակ ընկած իրավական հիմքը։ Մենք արձանագրել ենք, որ սահմանազատման քաղաքական հիմքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ հիմա մենք պետք է գանք և դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանի առկայության համար»,-ի պատասխան Ռուբինյանի հարցադրման՝ ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման կոնկրետ հատվածին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հետևյալ հատվածի մասին է խոսքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե նայենք, ապա Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածը, իսկ ադրբեջանական կողմից՝ Բաղանիս-Այրում, Աշաղի-Ասկիպարա, Խեյրիմլի, Կիզիլ-Հաջիլի։ Եվ ՀՀ-ն պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնել Խորհրդային միության հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում