Միրզոյանի ելույթը զուրկ էր բազմաթիվ շատ ավելի հիմնավոր ու համոզիչ արգումենտներից․ Ազիզյան

Միրզոյանի ելույթը զուրկ էր բազմաթիվ շատ ավելի հիմնավոր ու համոզիչ արգումենտներից․ Ազիզյան

Երեկվանից Հայաստանում և Արցախում քննարկում են երկու օր առաջ ՄԱԿ-ի ԱԽ նիստն ու այն, թե դա ինչ հետևանքներ կունենա պաշարված Արցախի համար: Ի վերջո, ի՞նչ սպասել. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի հետ։ 

- Օրեր առաջ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ, որի արդյունքում որևէ բանաձև չընդունվեց և ընդհանուր հայտարարություն չհրապարակվեց։ Չե՞ք կարծում, որ սա պարզապես հերթական նիստ էր, որի արյդունքում երկրներն իրենց կարծիքներն ասացին և անցան իրենց օրակարգին։

-Իրականում այնպես չէ, որ մենք ակնկալում էինք, թե  այդ նիստում ցեղասպանությունը կանխելու համար միանգամից կճանաչեն Արցախի անկախությունը: Մենք պետք է գիտակցենք, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը կյանքի կոչելը բարդ ու աշխատատար գործընթաց է և պետք է նաև հասկանանք, որ միջազգային իրավական գործընթացի միջոցով դրան հասնելը, այնուամենայնիվ, երաշխավորված չէ պարտադիր բացարձակ հաջողությամբ։ Մենք հասկանում ենք, որ հիմնական դերակատարներն ունեն իրարամերժ շահեր և նրանց նպատակը հենց այդ շահերի բավարարուրմն է, բայց մեր խնդիրը ոչ թե այդ իրողության հետ համակերպվելն է, այլ ունեցած ողջ ռեսուրսներով ձգտելը մեր ազգային ու պետական շահերի պաշտպանության տրամաբանությամբ փոխելու դրանք։ 

-Ձեզ մոտ կա՞ր տպավորություն, թե ՀՀ-ն այդ նիստը նախաձեռնել էր, այնտեղ էր պարզապես ներկայություն ապահովելու համար և որևէ գործողոթյուն սպասել պետք չէ, քանի որ ՀՀ-ն Արցախն Արդբեջանի կազմում է ճանաչում և համարում, ըստ էության, որ Արցախում կատարվողը Ադրբեջանի ներքին խնդիրն է։ 

-Չեմ կարծում, թե ՀՀ-ն պարզապես ներկա գտնվելու համար էր այնտեղ բայց և պետք է նշեմ, որ ՀՀ արտգործնախարարի ելույթը զուրկ էր բազմաթիվ շատ ավելի հիմնավոր ու համոզիչ արգումենտներից, որոնց մեջբերմամբ պետք է բացառվեր Խորհրդի անդամների կողմից Լաչինի միջանցքին այլընտրանքային տարբերակների դիտարկման հնարավորությունը։ Լաչինի միջանցքի միակ այլընտրանքը իրականում ցեղասպանությունն է և հենց այս ընկալմամբ պետք է որոշում կայացնեն Խորհրդի անդամները։ Իսկ այն, որ Արցախում տեղի ունեցողը ընդամենը Ադրբեջանի ներքին գործը չէ` փաստում է ՄԱԿ ԱԽ անդամ մի շարք երկրների հայտարարությունների բովանդակությունը։ 

-Նիստում հնչեցված ՌԴ-ի տեսակետն ինչպե՞ս եք գնահատում։ 

-Մեղմ ասած ոչ բավարար, քանի որ Լաչինի միջանցքի վերահսկողությունը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 6-րդ կետով պետք է իրականացվի բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի կողմից, ուստի ոչ թե ԱՄՆ-ն, այլ հենց Ռուսաստանը պետք է հանդես գար ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ և կիրառեր բոլոր միջոցները միջանցքը ապաշրջափակելու համար։ Մտահոգիչ է նաև Աղդամի ճանապարհի դիտարկումը որպես այլընտրանք. իրականում Լաչինի միջանցքի միակ այլընտրանքը ցեղասպանությունն է։ 

-Արդյո՞ք նիստը տրամաբանական շարունակություն կունենա և հնարավոր կլինի Ադրբեջանին պարտավորեցնել կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղդթի կետերը։ 

-Բարդ է ասելը, քանի որ դա մեծապես կախված է ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների վճռականությունից, Ադրբեջանի դիմադրողականությունից և իհարկե Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլերից։ Կա հնարավորություն, որ գործընթացը կարող է շարունակական լինել և մենք մեր ողջ ռեսուրսներով պետք է հնարավորինս իրացնենք այդ հնարավորությունը։ 

-Երբ, ըստ Ձեզ, կգործարկվի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը: 

-Երբե՛ք։ Հաշվի առնելով արցախահայության անզիջում ու վճռական դիրքորոշումը` կարծում եմ այդ ճանապարհը չի գործարկվի, քանի դեռ այնտեղ ապրում են հայերը։

Լիաննա Թորոսյան