Թշնամին Ներքին Հանդի տարածքում առա՞ջ է եկել, պարզաբանում են մարզպետն ու գյուղապետը

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։
MediaHub.am-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով հայտնեց, որ լուրը քննարկել է ՊՆ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի բնակիչների հետ, ովքեր նշել են, որ նման բան չկա։
Մենք կապ հաստատեցինք նաև Ներքին Հանդի գյուղապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ այդ մասին որևէ տեղեկություն չունի և գյուղում չի եղել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն դեռ 2021 թվականի գարնանն էր ներխուժել գյուղի ուղղությամբ գտնվող տարածք։ Սակայն եղանակային պայմաններից ելնելով, նրանք լքել են տարածքը և ձնհալից հետո վերադարձել։
Նշենք, որ մինչև 2022 թվականի մարտ ամիսն այդ մասին պաշտոնական տեղեկություն չի եղել։ Միաժամանակ հստակ է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն այդ ուղղությամբ ճանապարհ է հարթել 2022 թվականի մարտ-ապրիլին։