Եթե մտել ենք էնտեղ, որտեղ մտել ենք, ուրեմն կասկած է եղել․ Բադասյանը՝ խուզարկությունների մասին 

Կառավարության հերթական նիստից ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե վերջինս ինչ կարծիք ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, երբ ԱԺ նախագահը թքել էր քաղաքացու վրա։

«Ես մեկնաբանություն չունեմ, որովհետև դեպքին ծանոթ եմ այնքան, որքանով դուք՝ մամուլից: Կարծում եմ՝ հարցի ճիշտ հասցեատերը չեմ։ Վերջին շրջանում ես որևէ կուսակցական հարցով, ֆորմատով քննարկման ներգրավված չեմ եղել»,-ասաց նա։ 

Հարցին, թե արդյո՞ք Բադասյանը մտահոգված է այս միջադեպով, վերջինս պատասխանեց, որ մտահոգված է բոլոր այն միջադեպերով, որոնք մտահոգիչ կարող են թվալ ժողովրդավարության տեսանկյունից։ 

Անդրադառնալով «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություն իրականացնելու հարցին, ՊԵԿ նախագահը նշեց, որ հարցի հասցեատերը Քննչական կոմիտեն է։ 

«Բայց նույն գործի մասին է խոսքը, որի շրջանակներում մենք սերվերներ էինք հայտնաբերել, որտեղ թաքցված տարբեր տնտեսվարող սուբյեկտների շրջանառություններ կային և եթե կհիշեք՝ մեզ մեղադրում էին, ասում էին՝ «Զովքի» հիմնական մրցակից կա և իրենք են այդ ամենը կազմակերպել։ Իհարկե, այդ հարցերը ժպիտ էին առաջացնում, բայց բնականաբար, մենք որևէ բան չէինք կարող անել և չէինք էլ արել, որ այդ սերվերում հայտնվեր նաև տվյալ գործարարին պատկանող ընեկերություններից մեկի շրջանառության վերաբերյալ տեղեկություններ և հիմա կարծում եմ՝ամենակարևորն այն է, որ բոլոր այն լրագրողները, որոնք նման հոդվածներ էին գրում, իրենց ընթերցողներին հիմա ավելի ճիշտ տեղեկություններ հայտնեն»,-նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ բացահայտումների համար հսկայական և ամիսների աշխատանքներ են իրականացրել, որպեսզի հասնեն իրենց նպատակին։ 

«Ինֆորմացիաներ ունենք շատ տարբեր սուբյեկտեների հետ կապված, ոչ միայն առևտրային ցանցերի, բայց, բնականաբար, ես չեմ պատրաստվում ասել, թե հիմա որտեղ, ինչ կասկածներ ունենք։ Ամեն դեպքում, մշտապես հսկողույթյուն իրականացվում է։ Ես չեմ ուզում հիմա որևէ բան ասել, բայց  եթե մտել ենք էնտեղ, որտեղ մտել ենք, ուրեմն կասկած է եղել»,-ներկայացրեց Բադասյանը։ 

Վերջինս մանրամասնեց, որ մեծ քանակի հսկիչ գնումներ են կատարել և համեմատել տրամադրված կտորնները իրենց բազայի տվյալների հետ։ «Մի տեղ այն հայտնաբերվել է, մյուս տեղում չի հայտնաբերվել»։ 

Հարցին, թե ի՞նչ փուլում են Հայաստան-Թուրքիա սահմանի բացման աշխատանքները, վերջինս պատասխանեց․

«Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք, և մենք հիմա այլ պետական մարմիների հետ նախապատրաստվում ենք հնարավորինս արագ այդ սահմանային կետը գործարկել։ Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում