18 ուղևորով երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ում հրդեհ է բռնկվել. ինչ է հայտնի

18 ուղևորով  երթուղին սպասարկող «ԳԱԶԵԼ»-ում հրդեհ է բռնկվել. ինչ է հայտնի

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ բնակավայրի վարչական տարածքում մարդատար ГАЗель է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի թիվ 65 հրշեջ փրկարարական ջոկատից՝  1 մարտական հաշվակ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար ավտոմեքենայում, որը վարելիս է եղել Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Զավեն Օրդյանը:

Բարեբախտաբար թե՛ վարորդը, թե՛ ГАЗель-ում գտնվող 18 ուղևորները օպերատիվորեն դուրս են եկել ГАЗель-ից, իսկ ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:


Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: 

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է: