Կոնտեքստից կտրել են իմ մտքերը, կարծում եմ՝ ինձ կկալանավորեն, դրան են պատրաստվում․ Նարեկ Սամսոնյան

Ակնհայտ քաղաքական հետապնդում է. սա է հասարակական, քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանի արձագանքը ՔԿ հաղորդագրությանը, որում նշվում է, թե «AntFake.am» կայքում հրապարակվել է «զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05» վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության հրապարակային կոչ ու բռնության արդարացում։
Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, հաղորդման ընթացքում Սամսոնյանի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները. «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել»։
«ՔԿ հաղորդագրությունում ներկայացված մտքերը կոնտեքստից կտրված են։ Ես խոսում եմ ինքնապաշտպանության արդարացման մասին, և քանի որ Մհեր Սահակյանի վրա եղել է հարձակում, ինքն էլ պաշտպանվել է, ես կոչ եմ արել, որ նույն ձևով վարվեն նաև մյուս պատգամավորները։ Դա պետք է արվի՝ իրենց վրա առերևույթ հարձակումը կանխելու համար։ Որ էլ ծեծ չուտեն, ոնց եղավ ԱԺ-ում սեպտեմբերյան դեպքերի ժամանակ։ Այսինքն՝ երբ քո վրա հարձակվում են, դու պետք է ունենաս հնարավորություն իրացնելու քո ինքնապաշտպանության իրավունքը, ինչն արել է Մհեր Սահակյանը։ Սա հաղորդման ընթացքում մենք հստակ ասել ենք»,- ներկայացրեց Նարեկ Սամսոնյանը։
Սակայն, ըստ նրա, քանի որ իրավապահներին հստակ հանձնարարություն է տրվել, նրանք այս հատվածներն են վերցրել, որոնց հիման վրա հնարավոր կլիներ գործ հարուցել։
«Իմ նկատմամբ քրեական հետապնդում են սկսում, որը հետագայում դառնալու է հիմք ինձ կալանավորելու համար։ Ես չեմ բացառում, որ կգնան ինձ ազատությունից զրկելու ուղղությամբ։ Նրանք արել են սա, և այս գործը խոսում է հերթական քաղաքական հետապնդման մասին»,- նկատեց Սամսոնյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն իր պես արդարացրել է Մհեր Սահակյանի վարքը, դրա մասին հրապարակումներ են արվել, նաև քաղաքական գործիչների կողմից, սակայն, միայն իր նկատմամբ է քրեական գործ հարուցվել։
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
«Ինձ փորձում են լռեցնել, կարծում եմ՝ կգնան ավելի հեռու։ Բայց այդ ձևով ինձ չեն լռեցնի, չեն էլ պատկերացնում, թե կալանավորվելուց հետո բանտում ես ինչպես եմ շարունակելու գործունեությունս։ Ես մեկ անձ՝ Նարեկ Սամսոնյան չեմ միայն, ես ղեկավարում եմ կառույց, որը կշարունակի էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալել, եթե ինձ կալանավորեն»,- ամփոփեց խոսքը Նարեկ Սամսոնյանը։
Նարե Գնունի