Երկու մեղադրանքն էլ անհիմն է․ քննությունը զարգացավ և սա ավելի քան հստակեցվեց․ փաստաբանը՝ Միքայել Արզումանյանի գործի մասին

Երկու մեղադրանքն էլ անհիմն է․ քննությունը զարգացավ և սա ավելի քան հստակեցվեց․ փաստաբանը՝ Միքայել Արզումանյանի գործի մասին

Այս ընթացքում, երբ քննությունը զարգացավ, առավել ևս հաստատվեց, որ երկու մեղադրանքն էլ ակնհայտ անհիմն է։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ 

Հարցին, թե այս ընթացքում առերեսում եղել է, թե՝ ոչ, ովքե՞ր են հարցաքննվել գործով, վերջինս պատասխանեց․ 
«Այս պահին որևէ մեկնաբանություն ճիշտ չեմ համարում, քանի որ գործողություններ են ընթանում և իմ հայտարարությունը, գուցե, խանգարի գործին։ Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ հայտարարություններից, գործընթացների ավարտից հետո կպատասխանեմ հարցերին ու նաև հայտարարությամբ հանդես կգամ»,-ասաց նա։ 

Երեմ Սարգսյանը պնդեց, որ մեղադրանքն անհիմն է։ 

«Դրա հետ կապված հստակ հիմնավորումներ ունենք, մի մասը ներկայացրել ենք, մյուս մասն էլ կներկայացնենք ըստ անհրաժեշտության: Վստահաբար, մեղադրանքները ձևական շարադրանքներ են, որոնք իրենք ձևակերպել են որպես հանցագործություն, այնինչ ամբողջը պարզելու դեպքում կտեսնեն, որ այստեղ հանցագործություն չկա: Բայց սրան մենք հետագայում կանդարադառնանք»,-ամփոփեց փաստաբանը։ 

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ 

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտել էին՝ պարզվել է, որ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Ըստ մեղադրանքի՝ Միքայել Արզումանյանը չի ապահովել ու չի վերահսկել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, չի դրսեւորել հաստատակամություն ու վճռականություն, օպերատիվ ու ճկուն չի արձագանքել ստեղծված իրադրության փոփոխություններին, չի ապահովել զորքերի կիրառման անընդհատությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը եւ այլն: Հաղորդագրությունում նաեւ բազմաթիվ մանրամասներ են բերվում, թե որ հատվածներում նա չի ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը, չի կիրառել մարտունակ ջոկատներ, որ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի ջոկատներն արդեն ներթափանցել էին Շուշի, որ այնպիսի վայրերում է տեղակայել յուրային ուժերին, որ նրանք հայտնվել են շրջապատման մեջ, որ չեն կիրառվել կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։ 

Լիաննա Թորոսյան