Ղազախստանի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է

Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Հայտնել է Tengrinews.kz-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների մամուլի ծառայությանը։
«Կոստենկոյի հանքավայրում հայտնաբերվել է 38 զոհվածի դի, 8 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են: Որոնողական աշխատանքները բարդանում են ավերված հանքային տեխնիկայի առկայությամբ, ինչպես նաև տեղ-տեղ արտահոսքերով: Գազի իրավիճակի մշտադիտարկումը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է դադարեցնել համագործակցությունը ArcelorMittal Temirtau ընկերության հետ, որի կողմից շահագործվող հանքավայրում է տեղի ունեցել վթարը։