ԱՆ-ն և ԲԴԽ-ն՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին․ չի բացառվում՝ Սուրեն Անտոնյանի գործով վարույթը վերաբացվի

ԱՆ-ն և ԲԴԽ-ն՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին․ չի բացառվում՝ Սուրեն Անտոնյանի գործով վարույթը վերաբացվի

2025թ. հունվարի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Վճռաբեկ դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով արդար դատաքննության իրավունքի խախտում՝ կապված Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի ենթադրյալ անկողմնակալության բացակայության հետ: 

Այս մասին հրապարակում էր արել «Հետք» լրատվամիջոցը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Սուրեն Անտոնյանին վճարել 5020 եվրո, որից 3600-ը՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, իսկ 1420 եվրոն՝ կատարած ծախսերի համար: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը համարել է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձևը կլինի վարույթի վերաբացումը: 

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն 2023թ. հունվարի 26-ին դադարեցրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ հիմք ընդունելով ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումներ։

Այդ ժամանակ ԲԴԽ նախագահը Կարեն Անդրեասյանն էր, իսկ արդարադատության նախարարը՝ Գրիգոր Մինասյանը, որն էլ հանդես էր եկել Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Գաղտնիք չէ, որ Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը մտերիմ ընկերներ են, նաև ունեն ընդհանուր բիզնես շահեր, և այս հանգամանքը շատ է քննարկվել ու քննադատվել այս երկու անձանց՝ տվյալ պաշտոնները զբաղեցնելու շրջանում, որ Մինասյան-Անդրեասյան զույգը փոխհամաձայնեցված կերպով, այսպես ասած՝ «պասերով» կարգապահական վարույթներ են հարուցում իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ և նրանց զրկում լիազորություններից։

Այսօր նրանցից ոչ մեկը այլևս պաշտոնի չէ, ԲԴԽ նախագահը Արթուր Աթաբեկյանն է, իսկ արդարադատության նախարարը՝ Սրբուհի Գալյանը։ 

Ուստի, MediaHub-ը հետաքրքրվեց վարույթ հարուցող և վարույթը քննող մարմիններից՝ արդարադատության նախարարությունից և ԲԴԽ-ից, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՄԻԵԴ-ի կայացրած այս որոշման վերաբերյալ, և պատրաստվո՞ւմ են, արդյոք, վերաբացել վարույթը։

Արդարադատության նախարարությունից նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը MediaHub-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ Արդարադատության նախարարությունը նկատի է ունենում, որ առկա է վերպետական դատական ատյանի որոշում, որն այս տեսքով ուժի մեջ մտնելու դեպքում ենթակա է կատարման, իսկ որոշումն ուժի մեջ է մտնելու եռամսյա ժամկետում, եթե գործը Մեծ պալատին չներկայացվի։ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, արձանագրելով մեկ հիմքի մասով դիմումատուի իրավունքի խախտումը, միևնույն ժամանակ  մերժել է պահանջը՝ վերջինիս վճարել փոխհատուցում գույքային վնասի համար՝ մինչև թոշակի տարիքը իրեն վճարվելիք աշխատավարձի և չստացած թոշակի չափով։ Ստրասբուրգի դատարանն արձանագրում է, որ արդյունավետ վերականգնման միջոց է վարույթի վերաբացումը՝ Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան քննության իրականացմամբ, եթե Սուրեն Անտոնյանը նման դիմում ներկայացնի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթներով։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ԲԴԽ որոշման վերանայող մարմինը հենց ինքը խորհուրդն է, ուստի այս փուլում Արդարադատության նախարարությունը լիազորություններ չունի»,- MediaHub-ին փոխանցեց նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը։

Սա նշանակում է, որ գնդակը ԲԴԽ-ի դաշտում է, հետևաբար ԲԴԽ-ն պետք է վարույթը վերաբացելու որոշում կայացնի։

ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանն էլ MediaHub-ին ասաց հետևյալը․ «ԲԴԽ-ն կաշկանդված է հետագա հնարավոր գործողություններով, հետևաբար այժմ կարծիքի հայտնումը կարող է հետագայում կասկածի տակ դնել ԲԴԽ-ի անաչառությունը»։

Այս պատասխանից կարելի է ենթադրել, որ ԲԴԽ-ն չի բացառում, որ Խորհուրդը կարող է կատարել ՄԻԵԴ-ի որոշումն ու վարույթը վերաբացել, այդ պատճառով էլ այս պահին ձեռնպահ են մնում որևէ դիրքորոշում հայտնելուց։

Վահե Մակարյան