Ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, Ձեր ճաշակով ա․ վիճաբանություն՝ ԱԺ-ում

Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Ազգային ժողովի օթյակից հետեւում էին ՔՊ-ական եւ ընդդիմադիր պատգամավորների վիճաբանությանը, որի առանցքում նախկին պաշտոնյաների ապօրինի ծագման գույքն ու Հովիկ Աբրահամյանի առանձնատունն էր։

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, դիմելով աշակերտներին, ասաց․

«Դուք վստահաբար սովոր եք լսել մարդկանց, ովքեր սիրում են իրենց ձեռքերը տաքացնել ուրիշների թափած արյան վրա: Դուք վստահաբար շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը, բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին: Շատ կլսեք մարդկանց, ովքեր փաստաբաններն են իրենց այն շեֆերի, որոնք ծակ գրպանով եկել են Երեւան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր են»:

Ալեքսանյանի ելույթի պահին "Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը տեղից բղավեց՝ «դատեք»։ ՔՊ-ականն արձագանքեց, թե՝ «դատում ենք, օրեկան մի քանի հայցադիմում է մտնում դատարան՝ ձեր թիմակիցների՝ ապօրինի գույքի հետ կապված»։

«Պարոն Արծվիկ Մինասյան, դուք նախարար եք եղել, Ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակով ա՞»,-հարցրեց Ալեքսանյանը։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանին զայրացրեց Ալեքսայնանի ելույթը, վերջինս հետաքրքրվեց՝ միթե՞ չգիտի, թե ով է գնել Հովիկ Աբրահամյանի տունը։

«Ո՞վ է հիմա առել Հովիկ Աբրահամյանի տունը, էդ մասին ասա, թող երեխեքն էլ լսեն»,-ասաց նա:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, գնորդը ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու ընկերն է՝ ներկա իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանը։ 
Ի պատասխան Նազարյանի՝ Ալեքսանյանն ակնարկեց, թե չգիտի՝ ով է գնորդը։ 

«Ինչքանով ես եմ տեղյակ, պատկանում է մի մարդու, ով երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել՝ ո՛չ՛ վարչապետ է եղել, ո՛չ նախարար է եղել. այդքանը հերիք է»,-ասաց նա

Տեղից բղավող Նազարյանին եւ Կրպեյանին նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատողություն արեց ու զրկեց այս նիստի ընթացքում ձայնի իրավունքից: 

Մանրամասն՝ տեսանյութում։