ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելը ՀՀ իշխանության իմիտացիոն քաղաքականության դրսևորումներից էր. Մելքոնյան

ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելը ՀՀ իշխանության իմիտացիոն քաղաքականության դրսևորումներից էր. Մելքոնյան

Առհասարակ միջազգային կառույցների բանաձևերը, դիրքորոշումները և քայլերը պայմանավորված են սառը քաղաքական հաշվարկներով և նպատակներով, ուստի երբ այդ նպատակները համահունչ չեն այդ կառույցի առաջ քաշած սկզբունքներին, ապա համապատասխանաբար նիստերը սկսում են կրել պրոտոկոլային բնույթ։ Այլ կերպ ասած, վերածվում են նիստերի, որոնց շրջանակում կարող ենք լսել անվերջ կոչեր և վեհ հումանիստական գաղափարներ, բայց այդ հայտարարություններին որևէ լուրջ և շոշափելի քայլ չի հետևելու։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ 

«Ես կարծում եմ, որ Արցախում ստեղծված իրավիճակը և հումանիտար աղետի մասշտաբն արդեն այնպիսին է, որ ՄԱԿ-ը այլևս չէր կարող անտեսել ստեղծված դրույթը և պրոտոկոլային նիստ հրավիրեց, որը միայն կոչերի և հորդորների ամբողջություն էր։ Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակում այս նիստը կարող է բեկումնային լինել Արցախի և հայ ժողովրդի համար»,-շեշտեց Մելքոնյանը։ 

Անպայման պետք է ֆիքսել, շարունակեց նա, որ ցանկացած քայլ պետք է ունենա որոշակի նախադրյալ նաև այն երկրում, որն այդ խնդրի մասն է կազմում։ Հայաստանի պարագայում մենք կարող ենք տեսնել, որ ՀՀ իշխանությունների քայլերը միայն հակադրում են մեր պետության շահերին, որովհետև նրանք, մի կողմից, Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս և մյուս կողմից փորձում են ՄԱԿ-ի շրջանակներում ինչ-որ քայլեր անել, որը,, բնականաբար տրամաբանությունից դուրս է։ 

«Ինչպես շատ այլ հարցեր,  այս հարցը նույնպես ՀՀ իշխանությունների իմիտացիոն քաղաքականության դրսևորումներից է, որպեսզի հետո կարողանան ասել, որ անգամ ՄԱԿ են դիմել, սակայն արդյունքի չեն հասել և այս ամենի հետ մեկտեղ շարունակելու են իրենց սնուփդոգերի հաղթարշավը»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունված բանաձևերը պետք է համահունչ լինեն աշխարհքաղաքական իրավիճակին։ Հիմա իրավիճակն այնպիսին է, ասում է Մելքոնյանը, որ Թուրքիան, որը շուրջ 40 տարի օկուպացրել է Կիպրոսի 40 տոկոսը, երեկվա նիստին ներկա է եղել որպես բացառիկ ներկայացուցիչ և ելույթ է ունեցել ու գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչները առանձնահատուկ ողջունում էին Թուրքիայի ներկայացուցչին.

«Այստեղից հետևում է, որ արդեն իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստից մենք ոչինչ չենք կարող ակնկալել, իսկ ավելի կոնկրետ՝ չի կարող ընդունվել մի բանաձև, որը անկախ կլինի միջազգային իրավիճակից»։ 

Ամփոփելով խոսքը Մելքոնյանը նշեց, որ իրականությունն այն է, որ եթե աշխարհը ուզում է ինչ-որ քայլ անել, ապա այդ քալյերի տրամաբանությունը, ոճը և ժանրը լրիվ այլ են, դրանք բանաձևեր չեն, այլ լրիվ այլ բնույթի քայլեր, որոնց միջոցով կհաջողվի վերջ տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

«Մենք կարող ենք նկատել, որ այդպիսի քայլերի նախադրյալներ չկան և անգամ ավելին ՝ ՀՀ իշխանությունները իրենց քաղաքականությամբ ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ դրական քայլ անելու հավանականությունը հավասարեցրել են զրոյի»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Մարիա Զարգարյան