Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Չնայած Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու իր թիմը երեկվանից ռուսական խաղաղապահների ղեկավարի հորդորով փորձում են փափուկ բարձ դնել հանրության գլխի տակ՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում անցակետ չի տեղադրվելու, իսկ ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրման հարցն էլ դեռեւս ընդամենը քննարկման առարկա է, սակայն Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ սարքերի տեղադրման մասով արդեն իսկ համաձայնության են եկել, եւ առաջիկայում խաղաղապահների անցակետում նման սարքեր կտեղադրվեն։
«Հրապարակ» թերթը գրում է․
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը, ով հոկտեմբերի վերջերին Փաշինյանի ցուցումով ազատվել էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից, նշանակվել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական։
«Հրապարակ» թերթը գրում է․
Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումը միանշանակ ընկալում չի գտել անգամ ՔՊ-ի ներսում։ Երեկ ԱԺ-ին ներկայացված նախագծի քննարկումը հունից հանեց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին, երբ տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը բերեց թանկարժեք նկար ունեցողների օրինակը՝ ասելով, որ այդ մարդիկ չեն կարող նույնականացվել իրական կարիքավորների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է․
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները եւ թերթեր չբաժանորդագրվել։ Երիտասարդ դատախազուհին, հավանաբար, կարդալու հանդեպ սեր չունի․ նա արգելել է 2023 թվականի համար Հայաստանում լույս տեսնող թերթեր բաժանորդագրվել։ Ի դեպ, նախորդ տարիներին դատախազությունը տասնյակ թերթեր էր բաժանորդագրվում՝ Հայաստանում լույս տեսնող 15 տպագիր լրատվամիջոցներից մի քանի օրինակ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով հարուցված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում նաեւ՝ սեփականատերը, նշանակած փորձաքննության եզրակացությունը դեռեւս ստացված չէ, այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Այսօր եւս Ազգային ժողովի նիստերը կշարունակվեն, սակայն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արդեն իսկ հայտնել է, որ այսօր եւս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին: Այդ օրերին ԱԺ է գալիս նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել միայն վարչապետի որոշմամբ: Այսինքն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ավելացնել իր լիազորությունները, չնայած ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ դեմ էր, որ երկրի ղեկավարն այդքան շատ լիազորություններ ունենա: Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: