Միայն ու միայն հաղթանակ. ներկա ու նախկին պաշտոնյաները՝ սպասվող կարևոր խաղի մասին

Միայն ու միայն հաղթանակ. ներկա ու նախկին պաշտոնյաները՝ սպասվող կարևոր խաղի մասին

Վաղը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրո-2024 ընտրական փուլը կմեկնարկի Երևանում՝ Թուրքիայի դեմ խաղով:

MediaHub-ը նախկին և ներկա պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամադրվածություն ունեն կարևոր խաղից առաջ և թե որտեղից են հետևելու հանդիպմանը։

Պետք է գնանք, ոգևորենք մեր ֆուտբոլիստներին. Վահե Ղալումյան

«Տոմս ունեմ, փորձելու եմ գնալ, մարզադաշտից հետևել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։
Ղալումյանը նշեց, որ հաղթանակի սպասում ունի, սակայն գիտի, որ հակառակորդի հավաքականն ուժեղ է։ «Պետք է գնանք, ոգևորենք մեր ֆուտբոլիստներին։ Նոր կազմին չեմ հասցրել ամբողջովին ծանոթանալ, սակայն շատ հարազատ մարդ կա կազմում՝ Նաիր Տիկնիզյանը, որ Մոսկվայի «Լոկոմոտիվից» է եկել։ Տիկնիզյանի հայրը և ես միասին ենք ծառայել, բնականաբար նրանից ևս մեծ սպասելիքներ ունեմ։ Երկրպագուների դերը ևս մեծ է, պետք է ոգևորենք մեր հավաքակակին՝ ցանկալի արդյունք ապահովելու համար»,- ասաց նա։

Միայն ու միայն հաղթանակ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որն իր խոսքով՝ 1982 թվականից ֆուտբոլասեր է՝ այլ սպասելիք չունի, քան հաղթանակն է։
«Որպես հայ, բնականաբար, միայն դրական սպասելիքներ պետք է ունենանք, սխալ է խաղից առաջ այլ բան ակնկալել։ Ես մեր հավաքականին մաղթում եմ միայն ու միայն հաջողություն ու հաղթանակ, անկախ նրանից, թե ինչ մարզավիճակում է. ինձ համար իմ երկրի հավաքականը, եռագույնը, պետական շահը վեր է ամեն ինչից։ Թուրքիայի հետ հանդիպումը շատ սկզբունքային է, և ես տղաներին միայն խորհորդ կտամ, որ չկենտրոնանան հավաքականի ազգության վրա, քանի որ այդ կենտրոնացումը հոգեբանական մեծ բեռ կլինի իրենց համար։ Պետրակովի գլխավորությամբ առաջին խաղն է, ոչինչ չեմ կարող հիմա ասել, բայց ակնհայտ է, որ մեր հավաքականն իր լավագույն շրջանը չի ապրում հիմա։ Մոսկվայի «Լոկոմոտիվից» եկած Նաիր Տիկնիզյանը, որ մեր նորեկներից մեծ սպասելիքներ ունենք։ Սպերցյան ունենք, որը պետք է մեր լիդերը դառնա, ինչպես «Կրասնոդարում» է, տեսնենք՝ կկարողանա Մխիթարյանին փոխարինել»,- նշեց նա։

Բոլորին պետք է ոգևորենք. Գևորգ Պապոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տանից է խաղին հետևելու։
«Բնականաբար, հույսերս մեծ են, որ կհաղթենք, մեր հավաքականի կողքին ենք, բոլորին պետք է ոգևորենք՝ բոլոր խաղացողներին, մարզչին»։

Այս հաղթանակը Հայաստանի համար կարևոր է. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպումը դիտելու է տանը, մեծ ընտանիքի հետ՝ ինչպես ավանդաբար անում է: Ասում է, որ կուզեր հենց մարզադաշտից հետևեր խաղին, որպեսզի նաև ոգեշնչեր մեր հավաքականին.
«Մեր մրցակիցը Թուրքիան է և այս օրերին, աշխարհաքաղաքական այս իրավիճակում սա իսկապես կարևոր հանդիպում է: Մարզադաշտից չեմ հետևի մի շարք պատճառներով. ես մարզադաշտում էի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը, երբ Գյուլն էր ժամանել Հայաստան, որովհետև այն ժամանակ մենք հաղթած երկիր էինք և մենք էինք հրավիրել Թուրքիային ընկերական խաղի, իրենց նախագահը ժամանել էր մեր՝ Սերժ Սարգսյանի հրավերով: Իսկ այսօր իրավիճակը, ցավոք, այլ է»,- ասաց նա:
Հովհաննես Սահակյանի ակնկալիքը, բնականաբար, հաղթանակն է, որովհետև այդ հաղթանակը Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սպորտային, նաև հոգեբանական և այլ տեսանկյունից: Բայց նայելով ֆուտբոլի մեր հավաքականում այսօր տիրող բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև ընդհանուր այն խառնիճաղանջ վիճակին, որ առկա է երկրում, հրաշքի սպասումով է լցված և հույս ունի, որ այդ հրաշքը տեղի կունենա:
«Տղաների ուսերին ծանր բեռ է դրված, հուսով եմ, որ այդ բեռի տակից նրանք պատվով դուրս կգան: Բոլորիս հաղթանակ»,- հավելեց նա իր խոսքը:

Կուզեմ, որ հաղթեն. Վահրամ Դումանյան


ՀՀ նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Վահրամ Դումանյանը ևս տանից է հետևելու խաղին։ «Կուզեմ, որ հաղթեն մեր տղաները»։

Պատվով պայքար ու գեղեցիկ ֆուտբոլ. Վիլեն Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հավանաբար մարզադաշտից կհետևի խաղին։ «Ժամանակի խնդիր ունեմ, չնայած, որ ցանկանում եմ գնալ, մարզադաշտից հետևել։ Հույս ունեմ՝ կհաղթենք, սպասելիքը՝ պատվով պայքար ու գեղեցիկ ֆուտբոլ։ Միանշանակ բարդ խաղ է լինելու, ֆուտբոլում հեշտ խաղեր չկան»։

Հաղթանակի հույսով. Նաիրի Սարգսյան

Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ դեռ հստակ չի որոշել՝ կգնա մարզադաշտ, թե ոչ։
«Հույս ունեմ, որ մեր հավաքականը վաղը կհաղթի կամ առնվազն խաղը ոչ -ոքի կավարտվի։ Անկեղծ ասած՝ կազմին լավ ծանոթ չեմ, բայց ֆեդերացիայի իմ ընկերների հետ զրուցել եմ, դրական հույսեր ունեն։ Ընկերներս գնալու են, ինձ թվում է, որ ես էլ կգնամ՝ 90 տոսկոս հավանականությամբ»,-ասաց Սարգսյանը։

Սպորտը պիտի չքաղաքականացվի. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հիմա խաղի մասին խոսելը լուրջ չի համարում։ «Այդ կարևոր խաղի մասին մենք շատ վաղուց ենք խոսել։ Երբ սպորտը քաղաքականացվում է, դադարում է սպորտ լինելուց»։

Լիաննա Թորոսյան