Այս օրով ենք ապրում, վաղվա հույս չկա, ի՞նչ դպրոց․ արցախցի մայրիկներ

Ութ ամսից ավելի է՝ Արցախը գերության մեջ է։ Հայկական երկրորդ պետությունում ապրելն օր օրի ավելի բարդ ու անտանելի է դառնում։ Մարդիկ անգամ ցամաք հաց չունեն, քաղցր թեյ խմելն էլ նմանվել է երազանքի։ Այս ամենի ֆոնին նոր ուսումնական տարվա մասին մտածելն արցախցուն անլուրջ է թվում։
Արցախի մայրիկների ակումբում MediaHub.am-ը հարցում էր տեղադրել, թե ինչպես են մայրիկները պատրաստվում նոր ուսումնական տարվան։ Արձագանքներն այնքան շատ էին, որ մենք որոշեցինք շարքը շարունակական դարձնել։
«Երկու բալիկներս այս տարի պետք է նախապատրաստական խումբ գնան, մյուսը՝ երրորդ դասարան։ Մի շարք հարցերի շուրջ շատ մտահոգված եմ։ Տղաս Շուշիի դպրոց էր հաճախում, էս տարվանից դպրոցը գործելու է Ցորի մոտ ու մենք տրանդպորտի խնդիր ունենք։ Գրենական պիտույք չկա։ Աղջկաս համար կոշիկ չեմ կարողացել գտնել։ Բայց այս ամենից ավելի լուրջ խնդիր էլ կա․ սնունդ չկա։ Այնքան լավ կլինի, որ սոցիալական ճաշարանի հովանավորները դպրոցներում ճաշարաններ գործարկեն»,- գրել է Նանար Արզումանյանը։
Մեկ այլ մայրիկ էլ՝ Նունե Դավթյանը, նշել է, որ մեր հարցին պատասխանելիս տասն անգամ գրել ու ջնջել է՝ չիմանալով, թե ինչպես կարող է մտքերը ճիշտ ներկայացնել։
«Երեխեքը սոված չմնան, մնացած ամեն ինչը՝ մի քիչ շատ, մի փոքր քիչ, կլինի»,- գրել է նա։
Չորս դպրոցական ունեցող Մարգարիտա Պետրոսյանն էլ նշել է, որ նախորդ տարի այս օրերին արդեն կազմ-պատրաստ էր, այս տարի ոչինչ չի արել։
«Եթե երեխան նորմալ չի սնվում, ուսուցիչը կիսասոված է, ո՞նց պիտի այդ ամենը լինի, անգրագիտություն կլինի։ Անունը դրել են, թե դպրոց են գնում, երեխեն բան չի ուտում, որ սովորի, հիշի, կամ առհասարակ, կկարողանա՞ սովորել»,- հարցադրում է հնչեցնում Անգելինա Բաբայանը։
Մայրիկներից Գայանե Ծատրյանն էլ արձագանքել է՝ նշելով, որ հարցը շատ լուրջ է, պետական այրերը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն։
«Չորս երեխաներս պիտի դպրոց գնան, բայց․․․ ի՞նչ պատրաստվել»,- գրել է Լիանա Ղահրամանյանը։
Մայրիկներից Նունե Միրզոյանն էլ կիսվել է, որ օրվա համար չեն կարողանում հոգ տանել՝ կերակրել, լվացք անել, լողացնել, մնաց սեպտեմբերին ու դպրոցի համար հոգ տանեն։
«Ցավալի է, բայց էս օրով ենք ապրում, վաղվա համար հույսներս Աստված է, որ վերջ կլինի էս մահացու իրավիճակին»,- գրել է Նունե Միրզոյանը։
Լիլիթ Սարգսյանն էլ նշել է, որ փոքրիկը պայուսակ ունի, անցած տարի է նվեր ստացել, չի օգտագործել։
«Մի քանի տետր ունենք։ Մեծ քրոջ շորերն է հագնելու։ Կոշիկ չունենք։ Այսպես»,- ներկայացրել է նա։
Շարունակելի։
Նարե Գնունի