Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան՝ ուրանի մատակարարումների ավելացման շուրջ բանակցելու համար

Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան՝ ուրանի մատակարարումների ավելացման շուրջ բանակցելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան։ Ուղևորությունը կապված է ուրանի մատակարարումն ընդլայնելու` Ֆրանսիայի ցանկության հետ: Գրել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու աղբյուր։

Ֆրանսիայի ուրանի՝ կարիքը կապված է Նիգերում էներգետիկ ռեսուրսների արտադրության դադարեցման հետ։ Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց հերթին շահագրգռված են ընդլայնել համագործակցությունը՝ Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Ըստ գործակալության՝ Նիգերում ռազմական հեղաշրջումից հետո այս երկրում ուրանի հանքաքարի՝ ֆրանսիական արդյունահանումը դադարեցվել է։ Ֆրանսիական Orano SA ընկերությունը, ղազախական Kazatomprom-ի հետ միասին, արդեն իսկ մշակում են ուրանի հանքավայրերը Ղազախստանում, և, ըստ Bloomberg-ի աղբյուրների, Մակրոնը կքննարկի այդ համագործակցության ընդլայնման հարցը իր առաջիկա այցի ընթացքում։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցյալ տարի Ղազախստանը դարձել է երկրին ուրանի ամենախոշոր մատակարարը։

Նախագահի այցը նախատեսված է նոյեմբերի 1-2-ը, սակայն այցի մասին Ֆրանսիայի նախագահի կայքում չի հայտարարվել։

Ելիսեյան պալատի խոսնակն ասել է, որ նախագահը կմեկնի 15 գործարար առաջնորդներից բաղկացած պատվիրակության հետ, որոնք էներգետիկ, ագրոպարենային և հանքարդյունաբերական ոլորտներից են, ներառյալ կոմունալ Electricite de France SA և ինժեներական Assystem SA ընկերությունը, որը կառուցում է ատոմակայաններ:

«Իր հերթին Ղազախստանը շահագրգռված է համագործակցությամբ, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը և Չինաստանի ճնշումը»,- նշել է Bloomberg-ը։ Ֆրանսիան գործում է Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների օգտագործումը դադարեցնելու՝ Եվրամիության (ԵՄ) ռազմավարության համաձայն։

2022 թվականին Ղազախստանն արտադրել է ուրանի համաշխարհային պաշարների 43%-ը՝ դառնալով արտադրության ծավալներով առաջատարը։ Երկիրը նաև համապետական ​​հանրաքվեի է դրել սեփական ատոմակայանի կառուցման հարցը։ Այս քայլը կապված է ատոմային էներգետիկայի քաղաքացիների մտահոգությունների հետ՝ Սեմիպալատինսկի միջուկային պոլիգոնից հետո, որը Սեմիպալատինսկի, Պավլոդարի և Կարագանդայի շրջանների տարածքում է։ Պոլիգոնում փորձարկվել են ԽՍՀՄ միջուկային զենքերը։