Չի ստացվելու՝ կա՛մ պիտի առերեսվենք իրողության հետ, կա՛մ պատրաստվենք․ Փաշինյան

2018թ.-ի առկա բանակցային ժառանգության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյութուն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն։ Այս բառերը շատ կարեւոր են, ժողովուրդը Հելսինկյան եզրափակիչ եւ մնացած բոլոր ակտերով սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ, այսինքն՝ ինքնիշխանության սուբյեկտ չէ․ MediaHub-ի հաղորդմամբ, Խորհրդարանում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ով հետաքրքրվում էր, թե ո՞րն է Փաշինյանի պատկերացմամբ Ղարաբաղի ապագա կարգավիճակը։
«Երբ ասում ենք՝ ինքնորոշում, պետք է հասկանանք՝ ումից եւ որտեղից ենք ինքնորոշվում։ Օրինակ ինչո՞ւ չենք ասում՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնորոշվի, որովհետեւ Հայաստանը ինքնորոշվել է 1991թ․-ին նույն Ալմաթիի հռչակագրով, ինքնորոշվել է Խորհրդային Հայաստանից, որովհետեւ եղել է ԽՍՀՄ մաս։ Այս հարցին 2007թ-ից առաջ ունեցել ենք հայեցակարգ, հայկական կոնցեպտ է եղել, որ Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի ու մյուսների նման ինքնորոշվում է ԽՍՀՄ-ից եւ եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Սա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշումը»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ 2007թ․-ին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտումը եւ ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։
Ըստ նրա, «Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս, բայց չենք ասել եւ այս ողջ պատերազմները կապ ունեն սրա հետ»։
«Մենք, որ ասում ենք ինքնորոշում, ո՞վ է ինքնորոշման սուբյեկտը. նա, ով ուզում է որոշվի, ինքն է հանդես գալիս։ 1998թ․-ին Լեռնային Ղարաբաղը դուրս են թողել բանակցային գործընթացից, էդ ինքնորոշումը մնացել է Հելսինկյան եզրափակիչ ակտում գրած, սառույցի նման մի բան է դարձել, սա է իրողությունը։ Ես եկել եմ 2018թ․-ին ու ես էլ եմ սխալ արել, որովհետեւ նայել եմ այդ ընդահանուր տրամաբանության մեջ ու ասել՝ ո՞նց կլինի սենց։ Այսօր ասում եմ՝ եկեք որոշենք՝ կա՛մ առերեսվում ենք, կա՛մ, եթե չենք առերեսվում, ուրեմն եկեք արձանագրենք՝ ինչ է լինելու, եկեք պատրաստվենք։ Ես տեղեկատվություն ու վերլուծություն ունեմ, որ եթե այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»,-նշեց նա։
Արձագանքելով Փաշինյանին՝ Արթուր Խաչատրյանը նրա ելույթը որակեց սոփեստություն, ապա բացատրեց Հելսինկյան եզրափակիչ ակտով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման բուն էությունը։
«Դուք ինքնորոշումն ու անկախացումը հավասարեցնում եք, մինչդեռ ինքնորոշումը միգուցե ձեր սահմանմամբ նշանակում է անկախացում, իսկ Հելսինկիի սահմանմամբ նշանակում է՝ այսօր հայ ժողովուրդը կարող է ինքնորոշվել եւ որոշել, որ իրեն այլեւս խորհրդարանական հանրապետություն պետք չի, պետք է թեոկրատիա։ Ադրբեջանը ինչո՞ւ էր այդքան դեմ ինքնորոշման սկզբունքին, եթե ամեն ինչ այնպես է, ինչպես դուք եք ասում։ Միգուցե Ալիեւին բացատրեիք, որ խնդիրը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը։