Ղարաբաղի հարցը ոչ Արայիկից, ոչ Ալիեւից եւ ոչ էլ Պուտինից կախված չէ․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադարձել է Արցախի ճակատագրին և հնարավոր պատերազմի մասին լուրերին:
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առաջիկայում կարող է Ադրբեջանը ռազմական էսկալացիա սկսել: Նա գուժում է նոր պատերազմի վտանգի մասին:
- Այդ քննարկումների մեջ չեմ ցանկանում շատ խորը մտնել, սակայն պատերազմի վտանգ միշտ էլ կա, ոչ մի նորություն չկար այդտեղ: Նամանավանդ, որ Հայաստանը ոչ մի ջանք չի թափում բանակը վերակառուցելու, արդիականացնելու, կրկին մարտունակ դարձնելու համար: Վտանգ միշտ էլ կա:
- Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ մինչև 2023-ի ավարտը պետք է Ադրբեջանի պահանջները բավարարվեն….
- Հասկանալի է…. երկու կողմով էլ կանգնած են կարմիր գծի վրա: Պատերազմը միշտ էլ հավանական է:
- Արցախի նախագահը բացառում է, որ Արցախը կարող է գնալ Ադրբեջանի պահանջած ինտեգրացիայի ճանապարհով:
- Իհարկե, ինտեգրացիա չի կարող լինել: Ղարաբաղի հարցը ոչ Արայիկից, ոչ Ալիևից և ոչ էլ Պուտինից կախված չէ: Այն արդեն միջազգային հարց է, որը դեռ երկար է մնալու:
- Իսկ ումի՞ց է կախված Ղարաբաղի հարցը:
- Դա կախված է շատ պետությունների շահագրգռվածություններից: Այն մի հանգույց է, որը որպես Ղարաբաղի հարց միջազգային հարթակում մնալու է: