Արարատը դուրս մնաց պայքարից

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հետ:
Թիմերը փոխանակեցին երկուական գնդակ:
Խաղի 2-րդ րոպեին հյուրերն առաջ են անցել հաշվի մեջ: Ինքնագոլի հեղինակ է դարձել Խուան Բրավոն:
6-րդ րոպեին տանտերերը վտանգավոր գրոհ ձեռնարկեցին ու գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: 20-րդ րոպեին երևանյան թիմը հերթական վտանգավոր գրոհը ձեռնարկեց, սակայն Գլիշիչի գլխի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 25-րդ րոպեին հյուրերը կարող էին կրկնապատկել հաշիվը, սակայն մրցակցի ֆուտբոլիստը, մենակ-մենակ դուրս գալով «Արարատի» դարպասապահի դեմ, շեղ հարվածեց: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հյուրերն անկյունայինի խաղարկումից հետո կրկնապատկեցին իրենց առավելությունը:
Երկրորդ խաղակեսի սկզբում երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոռ Մալաքյանը՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը: Խփած գոլից հետո տանտերերն ավելի ակտիվացան, սակայն գրոհներում պակասում էր սրությունը: 80-րդ րոպեին Գոռ Մալաքյանը երկրորդ գոլը խփեց, այս անգամ նույնպես հեռահար հարվածով: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխության չեղավ ու Արարատը դուրս մնաց պայքարից:
Դիմակայության առաջին խաղում հյուսիսմակեդոնական թիմը հաղթել էր 2:0 հաշվով:
Աղբյուր ArmSport.am