Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում, Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա եւ նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու վճարել 300 դրամ»։
Ավելի վաղ՝ փետրվարի 1-ից բոյկոտելու կոչ էր արել «Մայր Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք նաեւ, որ վերջին ամիսներին վարորդները մի քանի անգամ գործադուլ արեցին՝ բողոքելով, որ տոմսային էլեկտրոնային համակարգերի ներդրումից հետո իրենց եկամուտները կրճատվել են, քաղաքացիները նախկինում վճարում էին իրենց, հիմա միայն կտրոններով եւ բանկային քարտերով են վճարում:
Այսինքն՝ նրանք կողմ են բոյկոտին, քանի որ այն կարող է հանգեցնել վճարման նախկին ձեւաչափին վերադառնալուն։ Մեզ պատմեցին, որ վարորդներն անգամ քննարկում են արել եւ որոշել՝ չխոչընդոտել բոյկոտը:
«Իրավունք» թերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել: Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:
Ասում են, թե քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում ու ելքերում ՊՎԾ-ի համար շատ հետաքրքիր դրվագներ կան: Դրա հետեւանքով՝ եթե Տիգրան Ավինյանը չդատվի, առնվազն՝ պաշտոնանկ կարվի: Իսկ դրանով Նիկոլ Փաշինյանը կլուծի միանգամից մի քանի հարց: Նախ ավարտին կհասցնի իրեն հավատարիմ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ դարձնելու օպերացիան: Եվ երկրորդ՝ կապահովի իր անձնական փիառը՝ զոհաբերելով «ժողջանի» տրանսպորտի գինը թանկացնող Ավինյանին:
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնվեց մետրոյում: Այնպես որ, բացառված չէ, որ կառավարության առաջիկա նիստին «կուժն ու կուլեն» թափի քաղաքապետարանի գլխին՝ արձանագրելով հանրային տրանսպորտում առկա խնդիրները:
Երրորդ՝ ԱՄՆ-ում փոխված թրամփյան վարչակարգին ցույց կտա, թե ինքն էլ է սկսել «չիստկա»՝ ձերբազատվելով իշխանության թունդ արեւմտամետ լիբերալ կադրերից:
«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը ողջ մարզական աշխարհն է որոշել հանձնել Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլեւ, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:
Հարությունյանն առաջիկայում կարող է նաեւ այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում` Ֆուտբոլի ֆեդերացիայինը:
Ըստ այդմ, մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին: Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, եւ տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:
ՀՖՖ Մարքեթինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթեւոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ` ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել: