Մեր հասարակության մեջ բռնությունը չպետք է տեղ ունենա, սակայն տեսնում ենք, որ սադրանքներն ուղղորդված են իշխանության կողմից. Վանեցյան

Անհնազանդության խաղաղ ակցիաների ժամանակ կիրառվող բռնությունների թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Արդեն 10 օր է, ինչ ընդդիմությունը հայտարարել է ազգադավ քաղաքականություն իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու վճռական փուլ մասին. Մայիսի 1-ից առ այսօր փակ է Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ամեն օր ավելանում է տեղադրված վրանների թիվը, ամեն օր տեղի են ունենում տարբեր անհնազանդության ակցիաներ։
Ա.Վանեցյանը դրական է գնահատում շարժման պայքարի այս փուլը՝ նկատելով, որ օր օրի ավելի մեծ թվով մարդիկ են միանում համաժողովրդական պայքարին ու ընդգծում ակցիաների խաղաղ բնույթը։
Այդուհանդերձ, ոստիկանությունն առանձին դեպքերում բիրտ ուժ է գործադրում խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ, խոչընդոտում դրանց անցկացմանը, որոշ բնակավայրերում նաեւ միջադեպեր են գրանցվել ընդդիմադիր ու իշխանություններին աջակցող քաղաքացիների միջեւ, որպիսիք ներկայացվում է Գյումրիի միջադեպը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ա. Վանեցյանն անընդունելի է համարեց բռնության ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր։
«Բռնություն չպետք է տեղ ունենա մեր հասարակության մեջ։ Ուզում եմ նաև ասել, որ եթե մեր կողմնակիցները ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն են կիրառել, ներողությունն են խնդրում դրա համար, բայց տեսնում ենք, որ այդ սադրանքները ուղղորդված են իշխանությունների կողմից, կան դեմքեր, որոնք երևում են՝ ՔՊ-ի անդամներ են, տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ՝ Գյումրիում «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ ակցիա է անում մի տղա, որն ունի տարբեր կապեր ՔՊ-ի հետ, այսինքն՝ սրանք իշխանության կողմից հստակ ուղղորդված սադրանքներն են: Տարեցները ձվերով հարվածում էին, հայհոյանքներ էին տալիս, մեր տղաներն էլ մոտենում են, որ սթափեցնեն, հրմշտոց է լինում»,-ասաց Ա. Վանեցյանը՝ ընդգծելով՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները:
Միաժամանակ նա անընդունելի համարեց ոստիկանների կողմից բիրտ ուժի գործադրումը ցուցարարների նկատմամբ։ «Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ անհնազանդության երթերի մասնակիցների անվտանգությունը, որևէ այլ իրավասություն չունի, խորհուրդ կտամ ոստիկաններին, որոնք ապօրինի հրամաններ են կատարում, հասկանալ որ այս ամենը ավարտվելու է, իսկ մեր պայքարը ոչ թե ինչ-որ բաների դեմ է, այլ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար է»,-ասաց նա: