Պուտինը կգա և կգնա, Փաշինյանը կմնա

Պուտինը կգա և կգնա, Փաշինյանը կմնա

Ի՞նչ փույթ, թե Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե մեր պետությունը ներկայացված է Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Այն անձը, որը ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների ձախողման և նախընթաց պայմանավորվածությունների չեղարկման հիմնական մեղավորն է, ի՞նչ է ասելու Պուտինին, ի՞նչ է աղերսելու նրան։

Այն վարչախումբը, որն անգամ չի ընդունել սեփական սխալները հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գծով հարաբերություններում տիեզերական մասշտաբի քաոս, անվստահություն և անլրջություն առաջացնելու հարցերում, պետք է բանակցի ՌԴ կամ եվրասիական որևէ այլ երկրի առաջնորդի հե՞տ։

Ցանկացած օտար պետության, այդ թվում՝ դաշնակից Ռուսաստանի աչքերում ներկայիս Հայաստանի դիմագիծը ցավալիորեն անմխիթար է։ Կրեմլի այդ ո՞ր աշտարակից չի երևում, որ հայկական պետության փաստացի ղեկավարը ոչ միայն պատրաստ չէ, այլև չի էլ ցանկանում պատասխանել կամ արձագանքել մեր հակառակորդներին՝ հավանաբար ինչ-որ ներքին կաշկանդումներից ելնելով։ Դաշնակիցը նաև արձանագրում է, որ Ադրբեջանում հայատյացությունն ու ամեն հայկականի հանդեպ թշնամանքը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է խորացել։ 44-օրյա պատերազմի օրերին ռազմական հանցանքների համար մեղադրվող Թուրքիային ու Ադրբեջանին, սակայն, այսօր նույնիսկ չեն էլ հիշեցնում այդ ամենը, և պարզ է, որ այդ պետություններն իրենց մեղքը չեն էլ ընդունի։

Հայ ժողովրդի կամարտահայտությամբ՝ ո՞վ է Հայաստանի ղեկին։ Թերևս պիտի լիներ այնպիսի մեկը, որը հստակ կգիտակցեր՝ ինչը և ում է պետք պաշտպանել, ով է իր թշնամին, ով՝ բարեկամը, ում դեմ է պետք պայքարել, ում հետ՝ դաշնակցել։ Իրեն հարգող ցանկացած պետության քաղաքացի կարծես թե այս ըմբռնմամբ պետք է մոտենար քվեատուփին և սեփական երկրի առաջնորդ ընտրեր։ Կարևորագույն ազգային հաստատությունների պաշտպանության, դրանց զորացման, ազգային շահերի սպասարկման փոխարեն՝ հայոց պետության ղեկավարը, սակայն, դարձել է իրար հակադիր աշխարհաքաղաքական բևեռների տեղական սպասարկուն, որի գինը իշխանության երկարաձգումն է պետության ապամոնտաժման գնով։

Հայ հանրությունը Պուտինի այցից հետո վստահաբար Փաշինյանի մի անզգույշ ժեստ, թերի ռուսերեն արտահայտություն կամ արարողակարգային ձախողում է քննարկելու՝ բաց թողնելով ամենակարևորը՝ վարչախմբի հեռացման հարցը, ավելին՝ նման կեղծ օրակարգերի մեջ ներքաշմամբ նպաստելով նրա իշխանավարմանը։ Ամեն օր մի նոր լրատվական սթրես, մի նոր, իբր անզգույշ, իրականում՝ մտածված անհամարժեք բառ կամ արտահայտություն, մի նոր ողբերգություն ու ամենօրյա ցավ, որը հանրությանը նախ կզարմացնի, հետո կզայրացնի, վերջում էլ կդառնա առօրեական։ Հայաստանն արդեն հինգերորդ տարին է՝ դուրս չի գալիս այս կործանարար ցիկլից։ Նույնիսկ «խաղաղության օրակարգի» կեղծ և աբսուրդային գաղափարից Փաշինյանի լիակատար հրաժարումն ու հնարավոր նոր պատերազմի մասին գուժելը դեռևս խոր թմբիրից չի արթնացրել անդառնալիության կետին մոտեցող հայ հանրությանը։

Պուտինը, Մակրոնը, Միշելը, Բլինքենը, Ռայիսին կամ մյուսները կարող են որքան ուզում է մտահոգվել հայ ժողովրդի ճակատագրով, ապրումակցել նրան, հուզիչ ելույթներ ունենալ կամ գրառումներ անել, նույնիսկ մեր թշնամիներին սպառնալ գործողություններով, բայց ի՞նչ արժեն այդ խոսքերը, ո՞ւմ են դրանք պետք, եթե հայ ժողովրդի հավաքական ստորագրությամբ՝ եռագույնի ներքո հանդես է գալիս Արցախը պաշտոնապես Ադրբեջանին օտարող գործիչը։ Ո՞ւմ են պետք միջազգային որևէ առաջնորդի սթափեցնող խոսքերը, երբ Բաքվում արդեն երկու տարի է՝ այցելության ամենահանրահայտ վայրերից մեկը հայկական ռազմավարի պուրակն է։ Քաղաքակիրթ մարդկության համար կարո՞ղ է լինել ավելի մեծ ծաղր, ֆաշիզմին բնորոշ ավելի ցցուն օրինակ, քան Թուրքիայի և Ադրբեջանի այդ համատեղ ձեռնարկումը, որն օրերից մի օր ամբողջ քրիստոնյա աշխարհի դեմ է շրջվելու։ Փաշինյանի կոլաբորացիոնիստ վարչախումբն այս և նման բազմաթիվ այլ ցեղասպանածին քայլերի մասին իհարկե լուռ է։ Սակայն քանի դեռ աշխարհի մեծերն իրենց մեջ ուժ չեն գտել՝ բնում խեղդելու թշնամու այս սանձարձակ և լկտի ծավալապաշտությունը, ցանկացած միջազգային գագաթնաժողով, որտեղ և ում մասնակցությամբ էլ այն անցկացվի, անարդյունք է։

Դավիթ Սարգսյան