Ես իրենց հետևից դեռ կգնամ՝ օրինական ճանապարհով․ Գևորգ Պետրոսյանը՝ իրեն ձերբակալելու մասին

ՀՀ ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ բերման էր ենթարկվել։
Այս մասին առաջինը հենց ինքն էր հայտնել, գրելով․ «Հարգելի հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել..․ ծիծաղելի հոդվածով»։
Երեկ երեկոյան Պետրոսյանն ազատ արձակվեց։
MediaHub-ի հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ սա իր դեմ գործողությունների միայն «ձնծաղիկն է», շարունակություն է լինելու։
«Մարդ պետք է ամեն ինչի միջով անցնի, այն հարվածը, որը մարդուն չի կոտրում՝ ավելի է կոփում։ Ես հիմա այդ վիճակում եմ։ Ես ամբողջ կյանքս ապրել եմ օրենքը պահպանելով, այդ պատճառով էլ չեմ վախենում, որ ինչ-որ հիմնավորված քրեական հետապնդում կհարուցվի իմ նկատմամբ, որովեհտև ես ոչ մի խախտում, ոչ մի զանցանք, ոչ մի հանցանք չեմ կատարել։ Սա քաղաքական հետապնդում է՝ քաղաքական հայտարարությունների հետքերով»,-ասաց նա։
Պատմելով, թե իրականում ինչ է պատահել երեկ, վերջինս ներկայացրեց, որ որևէ ոստիկան չի կարող մեքենայի դուռը բացել, վարորդի թևից քաշել ու ասել՝ դուք ձերբակալված եք։
«Այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե ձերբակալությունն ինչ հիմքերով կարող է լինել։ Դուռը բացեցին, երկու հոգով սկսեցին թևիցս քաշել, բնականաբար, չհաջողվեց, քանի որ ֆիզիկական պատրաստությունս բավականին լավ վիճակում է։ Տպավորություն էր, որ ուզում էին՝ մեկին հարվածեի, բայց ես շատ զուսպ էի, ասացի, որ ինձ լավ չեմ զգում, տուն եմ գնում, մինչ այդ էլ դեղ էի խմել։ Ամբողջ պատմությունն այն է, որ իմ մեքենայի հետևից 4 մեքենայով գալիս էին, կարծեցի, թե շարասյուն է անցնում, ճանապարհ են ուզում, աջ քաշեցի ու սկսեցի ավելի դանդաղ վարել, այդ ժամանակ էլ դիմացս կտրեցին»,-պարզաբանեց Պետրոսյանը։
Նախկին պատգամավորը պատմեց նաև, որ պարեկներն ասել են՝ խմածության թեստ պետք է հանձնի.
«Ասացին՝ անկանոն եք վարել, նման արտահայտություն ո՛չ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կա, ո՛չ ճանապարհային երթևեկության կանոններում։ Ի՞նչ է նշանակում անկանոն վարել, ասացին՝ եկեք ոստիկանություն, կբացատրենք։ Ինձ սկզբում տարան Աբովյանի Ոստիկանության բաժին, հետո ասացին՝ տարեք նարկոդինսպանսեր, ես այդ ժամանակ ասացի, որ շտապօգնություն կանչեն, ինձ լավ չէի զգում։ Ստուգեցին խմած եմ, թե ոչ, բնականաբար ոչինչ չհայտնաբերեցին։ Նորմալ է ամեն ինչ, Աստված իրենց հետ, բայց ես իրենց հետևից դեռ կգնամ, իհարկե՝ օրինական ճանապարհով»,-ներկայացրեց նախկին պատգամավորը։
Դիտարկմանը, որ նախորդ տարի պարեկների «թիրախում» էր հայտնվել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը՝ Գևորգ Պետրոսյանի հարազատ եղբայրը, վերջինս արձագանքեց․
«Իմ քաղաքական հայացքների պատճառով է նորից եղել, հենց նույն պատճառով էլ Էդգարին Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ավագ դատախազի պաշտոնից տեղափոխեցին Կապան, հիմա Կապանի և Քաջարանի դատախազն է։ Եղբորս կինը Ավանի թիվ 55 մանկապարտեզում էր աշխատում, առաջարկել էին ՔՊ-ին անդամակցել, մերժել էր, աշխատանքից ազատեցին։ Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, այլ բացատրություն չունի։ Երիտասարդ տարիներից տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, ոչ մի պաշտոնում խախտում չեն գտել, դրա համար էլ հույսները դրել են պարեկների վրա, որ գոնե իրենք մի բան դնեն։ Բայց դե, չեմ ընկճվում, մի անգամ եմ ընկճվելու, դա էլ հորիզոնական դիրքով՝ գերեզմանոցում»,- հավելեց նա։
Լիաննա Թորոսյան