Իրենց ստեղծած մեղադրանքի ձեռքը կրակն են ընկել․ արցախցի երիտասարդի պաշտպան

Ես գտոնում եմ, որ մեղադրանքն ապօրինի է։ Այդ մասին այսօր արցախցի երիտասարդների գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բորիս Սողոմոնյանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի դեպքում մեղադրանքը խուլիգանությունն է, սակայն ոչ միայն խուլիգանության հանցակազմ չկա, այլ նաև իսկզբանե զանգվածային անկարգության մեղադրանքն էլ էր ապօրինի։
«Մեր նախաքննական մարմիններն ու դատախազությունը կախված են որոշակի անձանց քմահաճույքներից, և սա էլ այդ դեպքերից մեկն է։ Նրանք իրենց ստեղծած մեղադրանքի ձեռքը կրակն են ընկել։ Այս մեղադրանքը որևէ դատական հեռանկար չունի»,- նկատեց նա։
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքը իրավական դաշտում հիմնավորված չէ, նաև որևէ հանցակազմի տարր չկա։
«Խուլիգանության մասին խոսելն իսպառ բացառված է, ուր մնաց զանգվածային անկարգությունները»,- ամփոփեց խոսքը փաստաբանը։