Գալյանին հեռացրել են չատից. Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ. Մամուլը՝ սուրճով

Գալյանին հեռացրել են չատից. Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ  2016-2017 թվականներին սովորել է Փաստաբանների դպրոցում եւ փաստաբանի լիցենզիա է ստացել, սակայն որպես փաստաբան չի աշխատել: 2015-2018 թվականներին նա արդեն աշխատելիս է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:

Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ:

Փաստաբանները գտել են, որ Աննայի ընկերուհին չի կարող իրենց «չատի» անդամ լինել եւ մասնակցել իրենց զրույցներին: Ի դեպ, երբ Գալյանին լրագրողները ասուլիսի ժամանակ հարցրել էին` արդյո՞ք ինքը Աննա Հակոբյանի ընկերուհին է, ինչ հարաբերություններ կան նրանց միջեւ: Նա ասել էր` միայն աշխատանքային հարաբերություններ:

Սակայն որպես իրավաբան, նա պետք է լավ իմանա, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, նման հարաբերություններ կարող են ծագել գործատուի եւ աշխատողի, կամ աշխատակիցների միջեւ, իսկ Աննա Հակոբյանը ոչ Գալյանի վերադասն է, ոչ պետական պաշտոն է զբաղեցնում, վարչապետի կինը լինելը դեռ պաշտոն չէ եւ նրանց միջեւ չեն կարող աշխատանքային հարաբերություններ լինել»:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը կոնսոլիդացրել է բարձրագույն իշխանությանը՝ տրանսպորտի թանկացման արշավում: Բայց ողջ իշխանությունը միասին վերցված չեն կարողանում իրենց աշխատանքով մեղմել հանրության զայրույթը:

Հիշեցնենք, որ մինչ արձակուրդի մեկնելը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության դիմաց պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը տեսակետ չի հայտնում տրանսպորտի թանկացման վերաբերյալ, ասել էր, թե Փաշինյանն իր տեսակետը կհնչեցնի: Եվ ահա չուշացավ «հրահանգը»։ Փաշինյանը ընտանեկան փոդքաստով, ապա տարբեր հրապարակումներով փորձում է հանրությանը համոզել, որ 100 դրամի թանկացումը խիստ անհրաժեշտություն է:

Անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միացավ արշավին և նույնիսկ անտրամաբանական հարցով փորձեց օգնել Ավինյանին՝ քննադատելով երբեմնի մտերիմ ընկերոջը՝ Հայկ Մարությանին. «Ինչո՞ւ մտահոգներով չեք հավաքվում, բողոքի ձայն բարձրացնում 20.000 դրամանոց մոնոներկայացումների դեմ: Ասենք` պահանջենք, որ 20.000 դրամանոց մոնոներկայացումը դառնա 100 դրամ»,- գրեց երկրի խորհրդարանի ղեկավարը: Տպավորություն է, որ նախկին պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը դեռ իր հին դերում է եւ մի փոքր նախանձ ունի Հայկ Մարությանի արագ սպառվող թանկարժեք տոմսերի կապակցությամբ. զուտ մրցակցային «նախանձ»։

Իսկ ավելի լուրջ, պետք է ասել, որ որքան մոտենում է փետրվարի 1-ը, այնքան խնդրահարույց է դառնում տրանսպորտի նոր սակագների կիրառումը, քանի որ հանրության լայն շերտերի շրջանում թանկ սակագնի դեմ բոյկոտելու տրամադրություն է տիրում:

Ի դեպ, ՔՊ պատգամավորները, որ Ավինյանի նախընտրական քարոզարշավի օրերին փողոցներն ընկած քարոզչություն էին անում, նույն ոգեւորությամբ չեն ընկել փողոցները ու չեն բացատրում, որ տրանսպորտի թանկացումը պետության համար շատ կարեւոր է»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցը, որը նախատեսվում է փետրվարի սկզբին՝ դա ներկայացնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ նորընտիր վարչակարգի աջակցություն, սակայն իրականում Փաշինյանը ԱՄՆ է մեկնում մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին եւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Այդ գագաթնաժողովն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայ որին գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցում: Հնարավո՞ր է` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում կայանա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չկան: Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում: Այս ֆորմատը ձեւավորվել է ընդդեմ Չինաստանի։ Այնպես որ այս մասնակցությունը կարող է ոչինչ չտալ, բայց կարող է մեզ համար նոր լուրջ պրոբլեմներ առաջացնել»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՀՀ իշխանությունների կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի առջեւ կանաչ լույս վառելուց անմիջապես հետո Ռուսաստանից հնչող նախազգուշացումները, ըստ լուրերի, ավելի գործնական տեսք են ստացել՝ թեեւ դեռեւս լոկալ մակարդակում: Օրինակ, սահմանափակել են որոշ ապրանքների ներմուծումն ու արտահանումը Ռուսաստան։ 

Տեղեկություններ կան, որ վերջին շաբաթներին ոսկու արտահանման ծավալներն են էականորեն կրճատել, հայտնի է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցներից հետո Հայաստանի ոսկու շուկայում աննախադեպ ակտիվություն կար` Ռուսաստանից վերաարտահանման հետ կապված, ինչն էլ իր հերթին բարձր տնտեսական ցուցանիշներ էր ապահովում` բյուջեի մեծ մուտքեր։

Հայաստանը ներմուծում է ռուսական ոսկին, ապա զարդերի տեսքով արտահանում Արաբական Միացյալ էմիրություններ եւ այլ երկրներ։ Դիցուք՝ 2023-ին արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ 2024-ին այդ ցուցանիշը գրեթե քառապատկվել է։ Ոսկերչական արտադրանքի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբի հետ: