Գերմանիան դիտարկում է ԱՄՆ-ից 1200 տոննա ոսկու պաշարները հանելու հարցը՝ ի պատասխան Թրամփի

Գերմանիան ցանկանում է դուրս բերել իր ոսկու պաշարները Ամերիկայի Միացյալ Նահանգներից, գրել է բրիտանական «The Telegraph»-ը։
Բեռլինը Սառը պատերազմից ի վեր իր ոսկու պաշարներից 1200 տոննա է պահում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ստորգետնյա պահոցում Մանհեթենում:
Այս պաշարը մեծությամբ երկրորդն է աշխարհում ԱՄՆ-ից հետո։
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, ամենայն հավանականությամբ, կգլխավորեն հաջորդ կառավարությունը, քննարկում են ոսկին Նյու Յորքից դուրս բերելու հնարավորությունը: Դրա պատճառն այն մտավախությունն է եղել, որ ԱՄՆ-ն այլեւս չի կարող վստահելի գործընկեր համարվել։
Նյու Յորքում պահվող Գերմանիայի ոսկու պաշարների արժեքը գնահատվում է 113 միլիարդ եվրո՝ երկրի ոսկու ընդհանուր պաշարների մոտ 30%-ը։