Վեհափառի եղբորորդին ազատության մեջ է․ դատարանը բավարարել է դատախազի պաշտպանի բողոքը 

Վեհափառի եղբորորդին ազատության մեջ է․ դատարանը բավարարել է դատախազի պաշտպանի բողոքը 

Վեհափառ հայրապետի եղբորորդին՝ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը երեկվանից ազատության մեջ է։ 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի պաշպան Էմին Խաչատրյանի բողոքը եւ Ներսիսյանի նկատմամբ կիրառված «տնային կալանք» խափանման միջոցը՝ 10 միլիոն դրամ գրավի համակցությամբ փոխել է, թողնելով միայն գրավը։ MediaHub-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էմին Խաչատրյանը։ 

«Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով էլ ավելի է ամրապնդվել պաշտպանական կողմի պնդումներն առ այն, որ Կորյուն Ներսիսյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքների հետ։ Քրեական գործի հետ կապված որեւէ նոր հանգամանք ի հայտ չի եկել»,-ընդգծեց Ներսիսյանի պաշտպանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի եւ Ն․Ա․-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ 
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանի քրեական գործում շոշափվում են նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդգար Հովհաննիսյանի եւ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի անունները։ Վերջիններս որպես վկա հարցաքննվել են Հակակոռուպցիոն դատարանում։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Էմին Խաչատրյանն ասել էր, որ մի շարք փաստական հանգամանքներ են ի հայտ եկել առ այն, որ ենթադրյալ կաշառքի գործով մեղադրյալ Կորյուն Ներսիսյանը խնդրո առարկա ժամանակահատվածում առհասարակ կապի մեջ չի եղել որեւէ դատավորի հետ, հետեւաբար ո՛չ կաշառք է վերցրել, ո՛չ էլ որեւէ առնչություն ունի կաշառքի համաձայնություն ձեռք բերելու հետ։ Ներսիսյանին մեղսագրվող արարքում նշվում է, որ նա դրդել է դատավոր Ադամյանին չարաշահել իր լիազորությունները, ինչն, ըստ փաստաբանի, աբսուրդ է։ 

«Նման բան չկա, ու չի կարող լինել։ Գրավոր փաստաթղթերի ու գաղտնալսումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ Ներսիսյանին առաջադրված կաշառքի մեղադրանքը իրականության հետ չի համապատասխանում։ Մենք նախկինում էլ էինք ասում, որ պատրաստվում ենք դատարանում պաշտաճ իրավական ընթացակարգերով ապացուցել Ներսիսյանի անմեղությունը»,-նշեց նա։

Լիա Սարգսյան