«Դյուդելանժ»-ը դժվար հակառակորդ է․ ժողովուրդը մեզ հավատում է, ափսոս կլինի, որ այդ հավատը կորցնենք․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան

«Դյուդելանժ»-ը դժվար հակառակորդ է․ ժողովուրդը մեզ հավատում է, ափսոս կլինի, որ այդ հավատը կորցնենք․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց ռումինական «Կլուժ»-ին ու պամտություն կերտեց՝ ճանապարհից հեռացնելով Ռումինիայի վերջին 5 տարիների դրոշակակրին։ 

Հաջորդ հանդիպումը Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ»-ի հետ է։ Ի՞նչ սպասել ու ինչպե՞ս տրամադրվել․ MediaHub.am-ի հետ զրույցում մանրամասնել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ 

«Իրականում շատ լավ շանս է մեր ուժերը ցույց տալու համար, բայց վերլուծել, հասկացել ենք, որ դժվար հակառակորդ է, «Կլուժ»-ին հաղթած թիմ է, պետք է շատ լուրջ մոտենանք, որովհետև «Դյուդելանժ»-ը այն թիմն է, որ կարող է խնդիրներ ստեղծել մեզ համար, միայն լուրջ աշխատանքի ու լուրջ մոտեցման դեպքում կհաջողենք»,-ասաց գլխավոր մարզիչը։ 

Վերջին հանդիպումների արդյունքում «Ալաշկերտ»-ն ու «Արարատ»-ը լքեցին պայքարը Կոնֆերենցիաների լիգայում, ֆուտբոլասերները նույն պատկերը չեն սպասում «Փյունիկի»-ից, որը պարտավորեցնում է թիմին։ Մարզչի խոսքով՝ պատասխանատվությունը զգում են։ 

«Ժողովուրդը մեզ հավատում է, ափսոս կլինի, որ այդ հավատը կորցնենք։ Ամեն ինչ անում ենք, բայց խնդիրներ ունենք, վնասվածք ստացած խաղացողներ կան մեր թիմում, այնպես ենք անում, որ հակառակորդն այդ մասին չիմանա։ Հարցեր կան՝ մեծ, փոքր, դժվար, հեշտ, սակայն ժողովուրդը մեզ մոտիվացնում է, պետք է բոլորս միասին մարզադաշտում լինենք, ոգևորենք տղաներին ու խնդիրները միասին լուծենք։ Շատ եմ ուզում, որ ժողովուրդը մեր տղերքի կողքին կանգնի, ամեն մեկի վանկարկումը շատ կարևոր է մեզ համար։ Ամեն անգամ տղերքի հետ խոսելիս զգում եմ, որ երկրպագուներից ուժ են ստանում, ես այդ պատասխանատվությունը նրանց մեջ մտցրել եմ»,-շեշտեց նա։

Գլխավոր մարզիչը նշեց, որ վնասվածքներ ունեցող տղաները կարևոր խաղացողներ են, սակայն հիմա փոխարինելու ժամանակ ու ռեսուրս չկա։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆ91 Դյուդելանժին»։ Խաղը կսկսվի ժամը՝ 20:00-ին։


Լիաննա Թորոսյան