ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է, Կրճատել են աշխարհազորայինների գումարը. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը, ով Եռաբլուրի հողերի իրական վաճառողն է եղել, Վազգեն Սարգսյանի գյուղից է: Նիկոլ Փաշինյանը փաստացի հովանավորում է նրան, հեղափոխությունից հետո մասնակցել է նրա՝ գինու, կոնյակի գործարանի բացմանը (այս մասին՝ ավելի ուշ):
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թվարկել քրեական վարույթի դրվագները։
Պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով հողատարածքը Վալերի Նարիմանի Գրիգորյանին է օտարել Արմեն Սարգսյանը: Նշենք, որ այդ հողատարածքի շուկայական գինը կազմել է 95 մլն 680 հազար ՀՀ դրամ (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար), սակայն վաճառվել է ընդամենը 18 մլն 828 հազար դրամով (մոտ 48 հազար ԱՄՆ դոլար): Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ Վալերի Գրիգորյանն այս հողատարածքը 18,8 մլն դրամով ձեռք բերելուց ընդամենը ամիսներ անց այն 96 մլն 800 դրամով (մոտ 250 հազար ԱՄՆ դոլար) վաճառել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեգ Հարթունյանին:
5-րդ դրվագով ՀՀ «Շախմատի տուն կից մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսացած Հրաչիկ Գրիգորի Թավադյանին է օտարվել «Եռաբլուր» կոչվող բլուրներին կից տարածքում գտնվող 0,15464 հա մակերեսով հողատարածքը ընդամենը 13 մլն 917 հազար 600 դրամով (մոտ 35 հազար ԱՄՆ դոլարով)։ Մինչդեռ այդ հողատարածքի շուկայական արժեքը եղել է 73 մլն դրամ (մոտ 187 հազար ԱՄՆ դոլար)։ Տեղեկացնենք, որ Հրաչիկ Թավադյանն էլ, պետությունից էժան գնով գնելով հողատարածքը, շուկայական գնով վաճառել է` ըստ ամենայնի վերը նշված ԱՄՆ քաղաքացիներ հանդիսացող Նարեգ եւ Սարո Հարթունյաններին։
6-րդ դրվագով Արմեն Սարգսյանը, հողամասն ուղղակի վաճառելու հիմքերի բացակայության պայմաններում, Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0,9 հա մակերեսով, 237 մլն 270 հազար դրամ (մոտ 608 հազար ԱՄՆ դոլար) շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար), ուղղակի վաճառքով վաճառել է Հարություն Մանուչարյանին: Տեղեկացնենք, որ 63 մլն դրամով (մոտ 161 հազար ԱՄՆ դոլար) 2005-ին ձեռք բերած հողակտորը Հարություն Մանուչարյանը այնուհետեւ 2008 թվականին վաճառել է ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին 94 մլն 550 հազար դրամով (մոտ 242 հազար ԱՄՆ դոլար)։
Ահա, թե ով է կազմակերպել եւ իրականացրել Եռաբլուրի հողերի վաճառքը՝ փնջով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բղավում էր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, թե «Եռաբլուրի հողերը ծախեցիք, ավտոսալոններ բացեցիք»։ Վստահաբար, Փաշինյանը լավ տեղյակ է, թե ով, ինչ պայմաններում, ինչպես է Եռաբլուրի հողերը վաճառել, բայց իր իշխանության ողջ ժամանակահատվածում փաստացի հովանավորել է Արմեն Սարգսյանին, մասնակցել նրա բիզնես հաջողությունների զարգացմանը եւ, ստացվում է, որ հենց Փաշինյանն է Եռաբլուրի հողերի վաճառքի շահառուն:
Թեեւ ՀՀ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նա Արամ Սարգսյանի զարմիկն է, սակայն պարոն Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրեց, որ որեւէ բարեկամական կապ չունեն Արմեն Սարգսյանի հետ, պարզապես համագյուղացիներ են:
Շարունակելի…»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում իրավիճակն օր օրի սրվում է, ներքին պառակտումներն այլեւս անկառավարելի բնույթ են ստանում։
Ասում են՝ հատկապես ցուգցվանգի մեջ են պատգամավորները, որոնց ամեն նիստից հետո մի նոր հակահայ թեմայով հարցազրույցներ, մեկնաբանություններ գրելու հրահանգներ են իջնում։
Իսկ նրանք արդեն սկսել են գիտակցել, որ մի օր էլ իրենք են ընկնելու Աղազարյան Հովիկի օրը»:
«Հրապարակը» գրում է ․ Երեկ ահազանգ ստացանք, որ աշխարհազորայինների վարձատրությունն էականորեն կրճատել են` նախկին 200 հազար եւ ավելի գումարը դարձնելով 120-130 հազար դրամ։ Հիշեցնենք, որ աշխարհազորայինները կամավորականներ են, որոնք պայմանագրեր են կնքում պաշտպանության նախարարության հետ եւ սահման են պահում, դիրքեր են բարձրանում` հերթափոխով։ Մեզ ահազանգած քաղաքացու խոսքով, խնդիրը ոչ այնքան փողն է, որքան պետության՝ իրենց նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ «Երեւանի փողոցներում փայտիկ պտտեցնող, միջնակարգ կրթությամբ պարեկները, փաստորեն, 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, իսկ սահման պահողները՝ երեք անգամ պակաս»,- ասում էր մեզ դիմած աշխարհազորայինը։
Դիմեցինք ՊՆ խոսնակին, որն ասաց. «Ընդհանուր առմամբ, նվազեցման կրճատման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ եթե կա կոնկրետ աշխարհազորային, որին հայտնի չէ, թե ինչու է իր աշխատավարձն այդչափ, խնդրում եմ տրամադրել վերջինիս տվյալները, որպեսզի ասենք, թե ինչու է նրա աշխատավարձն այդպես հաշվարկվել»։