«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանին և հավաքականին

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, վերադարձել են Թուրքիայից,  որտեղ մասնակցում էին մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը:

Մարմնամարզիկներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին զուռնա-դհոլով։ Առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:

Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում: