Նման միջադեպերը պատիվ չեն բերում․ ԿԳՄՍ նախարարը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին
Կառավարության հերթական նիստից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե վերջինս ինչ կարծիք ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ, երբ ԱԺ նախագահը թքել էր քաղաքացու վրա։
Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ նման միջադեպերը պատիվ չեն բերում։
«Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն։ Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը, նաև մշակութային, սպորտի։ Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում մեր երկրում, հանրային համերաշխության և ընդհանուր առմամբ մեր վերաբերմունքի իմաստով։ Ես կարծում եմ՝ մեծ անելիք ունենք, այդ միջադեպն ընկալում եմ որպես անելիք»,-ասաց նա։
Լրագրողները նաև նախարարին ներկայացրին, թե ինչ էր տեղի ունեցել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ ընդդիմության ՄԻՊ թեկնածուին իշխանությունը դիմում էր “ծաղրածու”, “անասուն” և նմանատիպ այլ որակումներով, սպառնում:
«Ես համարում եմ, որ ՄԻՊ ինստիտուտն ընդհանրապես և դրա վերաբերյալ քննարկումները պետք է լինեն այն տոնայնության և ոճի մեջ, որոնք խոսում են մարդու իրավունքների և դրանց հարգանքի մասին։ Ցավում եմ, որ հնարավոր չի եղել պահել մակարդակը և հարց է առաջանում, թե ինչու հնարավոր չի եղել։ Միգուցե, որոշ մարդկանց կողմից այդ ինստիտուտն այն աստիճանի է անլրջացվել, որ այդ ամբողջ քննարկումը վերածվել է ֆեյքային քննարկման, որովհետև ՄԻՊ ինստիտուտը պետք է լինի կարևորագույն ինստիտուտ, որը պետք է երևա թե՛ ձեր տված հարցերից, թե՛ ցանկացած քննարկման մակարդակից»,-նշեց Անդրեասյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, երբ պատգամավորն ասում է՝ «լեզուդ կկտրեմ» և հարցին՝ սա կրթության, թե՞ դաստիարակության պակաս է, նախարարն արձագանքեց․
«Դուք ինչ-որ կտորներ եք բերում և ինձնից մեկնաբանություն ուզում, բայց իրավիճակը պետք նայել ամբողջությամբ»։
Մեկ այլ լրագրողի հարցին՝ եթե Անդրեասյանին փողոցում «դավաճան» ասեին, ինչպես վերջինս կարձագանքեր, նախարարը պատասխանեց․ «Համեմատություններ չտանենք, իրավիճակները տարբեր կարող են լինել և մարդու արձագանքն էլ ամեն իրավիճակում կարող է տարբեր լինել։ Պետական պաշտոնը և դիրքը, կարծում եմ, ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ»։
Նախարարը նշեց, որ պաշտոնավարման առաջին օրվանից տեսնում է, որ իշխանության նկատմամբ կա թիրախավորում, մանիպուլյացիա, որը շարունակաբար ընթանում է։
Անդրեասյանն անպատասխան թողեց MediaHub-ի այն հարցերը, որոնք վերաբերում էին Սյունիքի մարզի Տեղ գյուղ ադրբեջանցիների ներխուժմանը։ Դիտարկմանը, թե թշնամին ևս 300 մետր մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք, նախարարը պատասխանեց․
«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, հարցն իմ իրավասություններից դուրս է»։
Մանրամասները՝ տեսանյութում