Եվրախորհրդարանը քննարկել է Եվրոպական միության ու Հայաստանի միջև կապերի ամրապնդումը

Եվրախորհրդարանը քննարկել է Եվրոպական միության ու Հայաստանի միջև կապերի ամրապնդումը

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրոպական միության ու Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ Գրել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի, դրանք երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

Նա հայտարարել է, որ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի այն կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։

Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ավելացնում է ներդրումները տնտեսության մեջ։

Նա ընդգծել է, որ առջևում ճանապարհը կարող է դժվար լինել, իսկ «Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»: