Էջմիածնի համայնքապետարանի անունից շրջանառվող փաստաթուղթը կեղծ է

Էջմիածնի համայնքապետարանի անունից շրջանառվող փաստաթուղթը կեղծ է

Այսօր համացանցում ակտիվորեն տարածվում էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ Էջմիածնի համայնքապետարանը «Վարդանանք» շարժմանը թույլատրել է փետրվարի 24-ին հակաեկեղեցական հավաք անցկացնել Կոմիտասի անվան հրապարակում։ 

MediaHub-ի տեղեկություններով, սակայն, այդ փաստաթուղթը կեղծ է և քաղաքապետարանը ակցիա անցկացնելու թույլտվություն չի տվել։ Մեր ունեցած տեղեկատվությունը հաստատելու համար  դիմեցինք Էջմիածնի համայնքապետի խոսնակին։

«Չկա նման փաստաթուղթ, կեղծ է համացանցում տարածվող այդ տեղեկատվությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրանուշ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ որևէ փաստաթուղթ չկա։

«Փետրվարի 6-ին ստորագրվել է փաստաթուղթ՝ ակցիայի մասին իրազեկումն ընդունել ի գիտություն, որն ուժը կորցրած է ճանաչվել, բայց փետրվարի 12-ին որևէ փաստաթուղթ չի ստորագրվել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյո՞ք Էջմիածնի համայնքապետարանը իրավական գործընթաց չի նախաձեռնելու՝ իր անունից կեղծ փաստաթղթեր շրջանառելու հետ կապված, Սիրանուշ Գևորգյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է համայնքապետարանում։

Նշենք, որ հակաեկեղեցական ակցիա նախաձեռնած խումբը՝ ի դեմս ոմն Տեր Սահակ քահանա Գալստյանի, կեղծ այս փաստաթուղթը ակտիվ տարածում են, փորձելով մարդ հավաքագրել եկեղեցու դեմ այս արշավին: Այս ճանապարհին, փաստորեն, նրանք չեն խորշում անգամ պետական կառույցի ստորագրություն կեղծել:

Նարե Գնունի