Ո՞ւմ է պատկանում կոկաինը

Ո՞ւմ է պատկանում կոկաինը

Հայաստանի տարածքում մեկ տոննա կոկաին հայտնաբերելուց ավելի քան երկու շաբաթ անց Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ։ 2018-ից գործող «Մրգենի» ընկերության իրական սեփականատեր Պողոսյանը կկալանավորվի, եթե Ռուսաստանը, որտեղ նա գտնվում է, թույլ տա արտահանձնել նրան։

Մոսկվան արդեն մեկ անգամ մերժել է արտահանձնել Պողոսյանին մեկ այլ գործով։

Պողոսյանը տեսաուղերձներով պնդում է, թե «Մրգենի»-ի բանանի արկղերում եղած կոկաինի մասին անձամբ ինքն է հայտնել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, մինչդեռ ԱԱԾ-ն մեղադրանքի սլաքներն ուղղում է հենց իրենց դեմ։

Դեռ 2019-ից կոռուպցիոն հանցագործությունների համար հետախուզվող Պողոսյանը նաև պնդել էր, թե իր աշխատակիցները պատահաբար են բանանի արկղերում հայտնաբերել անծանոթ փոշենման զանգվածը։ 

Ստեղծվում է բավականին հակասական պատկեր:

Մի կողմից, Պողոսյանը պնդում է, որ կոկաինը «գցել» են իր գրպանը ու նա և իր աշխատակիցները թմրանյութը բացահայտողներն են, մյուս կողմից՝ պետությունը փաստորեն պնդում է, որ հենց նրան է պատկանում կոկաինը:

Այս հարցում դժվար է միանշանակ պնդումներ անելը:

Նախ, Հայաստանում, մեղմ ասած, վիճահարույց է արդարադատության վիճակը ու այս դեպքում որևէ պատճառ չկա պնդելու, թե օրինական նախաքննություն է իրականացվել:

Երկրորդ, ողջամիտ չի թվում վարկածը, թե Պողոսյանը կամ որևէ այլ մարդ կարող են նման խմբաքանակ կոկաին ներմուծել՝ առանց իշխանության ամենաբարձր մակարդակի իմացության կամ հովանավորության: Ուրեմն, այս դեպքում, նախաքննությունը, մեղմ ասած, ամբողջական ու լիարժեք չէ:

Ու վերջապես՝ Հայաստանի գործող իշխանությունը սիրում է տեսարաններ ու մեղադրանքներ է հասցեագրում մարդկանց, ովքեր «անհասանելի» են: Այս պարագայում՝ մի կողմից, տեսարանն ապահովված է, մյուս կողմից՝ միշտ կարելի է մեղադրանքը «հիմնավոր» համարել, որովհետև հետախուզման մեջ գտնվող մարդն «արդարանալու» ալիբի չունի:

Վահրամ Բագրատյան